ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արտակ Բեգլարյանն ու Միքայել Հայրիյանը հանդիպել են ԱՀ բոլոր պետական բուժհիմնարկների ղեկավար կազմի հետ

Արտակ Բեգլարյանն ու Միքայել Հայրիյանը հանդիպել են ԱՀ բոլոր պետական բուժհիմնարկների ղեկավար կազմի հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին հանդիպում է ունեցել Հանրապետության բոլոր պետական բուժհիմնարկների ղեկավար կազմի հետ՝ քննարկելու ոլորտի առկա իրավիճակը և հնգամյա ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները:

Պետական նախարարը և առողջապահության նախարարը լսել են Ստեփանակերտի և շրջանային բուժհիմնարկների ղեկավարների կիսամյակային ամփոփ հաշվետվությունները, հետաքրքրվել առկա հիմնախնդիրներով, որոնց լուծման ուղղությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Անդրադառնալով առողջապահության համակարգի ռազմավարության մշակման աշխատանքներին՝ պետական նախարարը, մասնավորապես, նշել է.

«Ռազմավարության նախագծի մեջ պետք է հստակ սահմանված լինեն առողջապահական համակարգի հիմնարար բարեփոխումների ու զարգացման բոլոր ուղղությունները և դրանց իրագործման մեխանիզմները, ներառյալ՝ շենքային պայմանների, տեխնիկական ապահովվածության, կադրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, կանխարգելիչ առողջապահության և այլ կարևոր հարցեր: Նախատեսվում է ռազմավարությանը կից ունենալ միջոցառումների պլան, որոնցից յուրաքանչյուրը պետք է սահմանի հստակ նպատակներ, գործողություններ, ժամանակացույց և այլ տվյալներ: Դրա համար անհրաժեշտ է ձևավորել աշխատանքային խմբեր՝ ռազմավարական բոլոր ուղղությունների ծրագրերի մշակման և իրագործման համար: Այլ կերպ ասած, պետք է հատվածական ու կարճաժամկետ ջանքերից անցում կատարենք ռազմավարական ու երկարաժամկետ լուծումների»:

Խորհրդակցությանը քննարկվել են նաև տեղային և կարճաժամկետ բնույթի տարբեր խնդիրների լուծման հնարավորությունները, որոնք վերաբերում էին բուժհիմնարկներում հերթերի կառավարմանը, մասնաշենքերի օպտիմալ օգտագործմանը, էլեկտրոնային կառավարման համակարգի արդյունավետ կիրառմանը և այլ հարցերի:

  • Կիսվել: