Արտակ Բեգլարյանի մասնակցությամբ Արցախում ամփոփվել են «Արհեստական բանականություն» դասընթացի առաջին փուլի արդյունքները
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի կազմակերպած «Արհեստական բանականություն» դասընթացի առաջին փուլի շրջանավարտներին և մասնակցել պիլոտային ծրագրի արդյունքներն ամփոփող առցանց միջոցառմանը:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ ուսումնական շրջանի ընթացքում աշակերտները հնարավորություն են ունեցել 15 մուլտիմեդիա տեսադասերի միջոցով ուսումնասիրել «Արհեստական բանականություն» դասընթացի ներածությունը, ծանոթանալ Python ծրագրավորման լեզվին, մեքենայական ուսուցման հիմնական հասկացություններին, տվյալների սահմանումներին ու հիմնական բնութագրերին։

Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել ծրագրի իրականացման գործում մասնակցություն ունեցած կազմակերպություններին և անհատներին, մասնավորապես՝ Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաներիգործատուների միությանը, Սինոփսիս ընկերությանը, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանին և «Ես» հիմնադրամին, ինչպես նաև աշակերտներին, ովքեր հավատացել են այս հնարավորությանը և հետևողականորեն որակյալ կրթություն ստացել:



Դասընթացի առաջին փուլը հաջողությամբ ավարտած 12 աշակերտի պետական նախարարը հանձնել է ավարտական վկայականներ։ Արտակ Բեգլարյանը ընդգծել է, որ Արցախի կառավարությունը մեծապես կարևորում է նման նախաձեռնությունները և պատրաստ է աջակցել դրանց հնարավորությունների ընդլայնմանը: