ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արտակ Բեգլարյանի հավաստմամբ՝ տեղահանված արցախցիների բնակապահովման գործընթացում արդարությունը պահպանվում է

Արտակ Բեգլարյանի հավաստմամբ՝ տեղահանված արցախցիների բնակապահովման գործընթացում արդարությունը պահպանվում է

Տեղահանված արցախցիների բնակապահովման ծրագրի իրականացման գործընթացում արդարության սկզբունքը բարձր տոկոսով ապահովվում է, բայց համապատասխան կարգերը լրացուցիչ վերանայելու և ավելի միասնական կարգ ձևավորելու կարիք է զգացվում:

Այս մասին պետական նախարարի պաշտոնում իր գործունեության ամփոփման շուրջ հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արտակ Բեգլարյանը: «Բնակարանային ոլորտում բավականին խնդիրներ արդեն լուծված են: Իմ գլխավոր հաջողությունն է, որ կարողացել եմ բարձր տոկոսով կարգավորել և արդարացի դարձնել գործընթացը: Մի քանի հազար քաղաքացու տվյալներ են ճշգրտվել՝ համայնքների ղեկավարներին, վարչակազմերին պահանջներ ներկայացնելով, քրեաիրավական ընթացակարգեր մեկնարկելով, որպեսզի կեղծ տեղեկանքներ չներկայացվեն, և կարծում եմ, արդեն կարող ենք համարել, որ ցուցակները բարձր տոկոսով ճշգրիտ են»,-նշել է Արտակ Բեգլարյանը:
 
Անդրադառնալով տեղահանվածներին բնակարանային մատչելիության ապահովման ծրագրով սերտիֆիկատներ տրամադրելու հարցին՝ պաշտոնավարումն ավարտող Արտակ Բեգլարյանը հավաստեց, որ այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից աշխատանքներն արդեն ակտիվացել են: « Խոստացել են մինչև տարեվերջ բոլոր դիմումատուներին՝ վերաբնակիչ- տեղահանվածներին, տրամադրել սերտիֆիկատները: Հույս ունեմ,որ մինչև տարեվերջ այս ուղղությամբ հիմնական աշխատանքը կիրականացվի»,-հավելեց Բեգլարյանը՝ ընդգծելով նաև, որ շրջանառության մեջ է դրվել տեղահանված բնակիչների կարգավիճակի վերաբերյալ նախագիծը:

  • Կիսվել: