ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Արևածագ Արցախում». Հանրապետության մի շարք բնակավայրերում անվճար տեղադրվել է շուրջ 12 ջրատաքացուցիչ

«Արևածագ Արցախում». Հանրապետության մի շարք բնակավայրերում անվճար տեղադրվել է շուրջ 12 ջրատաքացուցիչ

Երևանյան «Շտիգեն» ՍՊ ընկերությունը մեկնարկել է «Արևածագ Արցախում» նախագիծը, որի շրջանակներում Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքում, Ճարտար քաղաքում, Ասկերանի շրջանի Ռև, Իվանյան և Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքներում բնակվող` արցախյան պատերազմներում զոհվածների, հաշմանդամություն ձեռք բերած անձանց ու բազմազավակ ընտանիքների բնակարաններում անվճար տեղադրվել է շուրջ 12 ջրատաքացուցիչ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է «Շտիգեն» ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանը՝ մանրամասնելով, որ նախագծի նպատակն է, արևային էներգիան օգտագործելով, Արցախում հաստատել էներգետիկ անկախություն՝ թույլ չտալով, որ թշնամին տնօրինի էներգիայի ուղիների «փականներին»։ Դեռևս 2019 թվականին «Շտիգեն» ՍՊԸ-ն Ստեփանակերտում կազմակերպել էր «Արևային Արցախ» խորագրով համաժողով, որի նպատակն էր Արցախում հասանելի դարձնել արևային էներգիայի ընձեռնած հնարավորությունները՝ նպաստելով ոլորտի զարգացմանը։ Դեռևս երեք տարի առաջ մեկնարկած գործընթացն, այսպիսով, «Արևածագ Արցախում» նախագծի ներքո համակարգային դրսևորում է ստանում։

«Արցախում գործող 36 հէկ-երից 30-ը 44-օրյա պատերազմից հետո անցան թշնամու տիրապետության տակ։ Մինչև պատերազմն Արցախն էներգետիկ առումով ոչ միայն ինքնաբավ էր, այլև կարողանում էր էլեկտրաէներգիա արտահանել Հայաստան։ Այժմ պատկերը ճիշտ հակառակն է՝ Արցախն ապահովում է էլեկտրաէներգիայի ներքին սպառման 50 տոկոսը, իսկ մյուս 50-ը ներմուծվում է Հայաստանից։ Շուրջ 300 լիտր տարողությամբ 1 արևային ջրատաքացուցիչն օրական խնայում է 16 կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Եթե Ստեփանակերտի 10 հազար տներում ու բնակարաններում տեղադրվեն արևային ջրատաքացուցիչներ, այդ թիվը տարեկան կստացվի 58 միլիոն կՎտ/ժ, հետևաբար՝ 40-65 տոկոսով կխնայվի Սարսանգի ջրամբարի թողունակությունը»,-ներկայացրել է Հ. Շեկյանը:

Նրա հավաստմամբ՝ ընկերության նպատակն է գործընթացը հասցնել այն հանգրվանին, որ Արցախում յուրաքանչյուր տուն ունենա իր արևային կայանն ու ջրատաքացուցիչը։ Այդպես կապահովվի Արցախի էներգետիկ անկախությունն ու անվտանգությունը, այսինքն՝ թշնամու ոտնձգությունների պատճառով գազամատակարարման խափանումների դեպքում Արցախի բնակչությունը ոչ միայն կշարունակի տաք ջուր ու էլեկտրաէներգիա ունենալ, այլև չի ծանրաբեռնի էլեկտրացանցը, և չեն լինի հոսանքազրկումներ: Ընկերության հիմնադիր-տնօրենը կոչ է արել հայրենակիցներին և, առհասարակ, աշխարհին միանալ նախաձեռնությանը՝ նպաստելու ոչ միայն հետպատերազմյան Արցախի վերականգնմանը, այլև արևային տեխնոլոգիաների միջոցով շրջակա միջավայրի պահպանմանն ու մոլորակի ռեսուրսների խնայմանը։

«Մենք գիտակցում ենք, որ ֆինանսական խոշոր ներդրում, ահռելի ջանքեր և աննահանջ հետևողականություն պահանջող ծրագիր ենք նախաձեռնել։ Բայց նաև վստահ ենք, որ ռազմավարական նշանակության այս նախագիծն իրագործելի է, և իրագործումը սկսում ենք մեր վճռական քայլով»,- նշել է Հայկ Շեկյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միանալ նախաձեռնությանը, կարող են կապ հաստատել ընկերության հետ [email protected] էլ․ հասցեի միջոցով:

  • Կիսվել: