երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է 1մլն դոլարի նոր դրամաշնորհի մասին՝ Հայաստանում փախստական երեխաների համար

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է 1մլն դոլարի նոր դրամաշնորհի մասին՝ Հայաստանում փախստական երեխաների համար

Ի պատասխան Հայաստան փախստականների վերջին զանգվածային հոսքին, «Կրթությունը չի կարող սպասել» հիմնադրամը (ECW) այսօր հայտարարել է 1 միլիոն ԱՄՆ դոլարի նոր դրամաշնորհային ֆինանսավորում՝ հասնելու երեխաներին, ովքեր ամենաշատ աջակցության կարիքն ունեն․ տեղեկացնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ից։ 12-ամսյա դրամաշնորհը կտրամադրվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության և կրթության ոլորտի մյուս հիմնական դերակատարների հետ համագործակցությամբ՝ ընդլայնելու վաղ մանկական ուսումնառությունը փախստական երեխաների և նրանց հյուրընկալող համայնքի երեխաների համար:

«Սա առաջին դեպքն է, երբ Education Cannot Wait-ը դրամաշնորհ է տրամադրում բացառապես վաղ մանկական ուսումնառության ուղությամբ: Աշխատելով Հայաստանի կառավարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և տեղական այլ գործընկերների հետ՝ սա մեր ներդրումն է հանուն Հայաստանի աղջիկների և տղաների ավելի լավ ապագայի: Վաղ մանկական ուսումնառության հասանելիությամբ այս երեխաները ձեռք կբերեն այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են՝ կառուցելու խաղաղ և բարգավաճ ապագա», – ասում է Յասմին Շերիֆը՝ ECW-ի՝ Արտակարգ իրավիճակներում և շարունակական ճգնաժամերի կրթության համաշխարհային հիմնադրամի գործադիր տնօրենը:

2023 թվականի սեպտեմբերից սկսած՝ ավելի քան 100 000 փախստական, այդ թվում՝ 30 000 երեխա փախել է Հայաստան՝ իրենց հայրենի համայնքներում ռազմական գործողությունների պատճառով: Մոտ 3 000 երեխա հաշմանդամություն ունի, իսկ 9 000-ը՝ մինչև վեց տարեկան է: Կառավարության և ՄԱԿ-ի կողմից համատեղ համակարգվող Փախստականների ճգնաժամին արձագանքման ծրագրի շրջանակում վաղ մանկական ուսումնառության հասանելիությունը ճանաչվել է որպես կարևոր անհրաժեշտություն: Մինչդեռ Հայաստանում կրթական համակարգն արդեն իսկ գերծանրաբեռնված է, իսկ ռեսուրսները բավարար չեն ներգրավելու բոլոր փախստական մանկահասակ երեխաներին:

«Որակյալ վաղ մանկական ուսումնառությունը բաց թողնելը վատ է անդրադառնում երեխաների զարգացման և նրանց հետագա կրթության վրա: Սա հատկապես վտանգավոր է տեղահանության և անորոշության շրջանում, երբ երեխաներն ավելի հավանական է, որ ունենան ճանաչողական, վարքային և էմոցիոնալ դժվարություններ, որն ավելի բնորոշ է փոքր տարիքի երեխաներին, ինչն ավելի է հետաձգում նրանց զարգացումը», – ասաց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: «ECW-ի աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը փախստական երեխաների և նրանց ծնողների համար կապահովի վաղ մանկական ուսումնառության և զարգացման ծառայությունների հասանելիություն, որոնք չափազանց կարևոր են՝ նպաստելու նրանց վերականգնմանը և զարգացմանը»:

ECW-ի նոր՝ 1 միլիոն ԱՄՆ դոլարի շտապ արձագանքման հատկացումը կնպաստի վաղ մանկական ուսումնառության ներառական ծառայությունների հասանելիության մեծացմանը՝ ընդլայնելով հանրային մանկապարտեզների տարածքները: Փախստական երեխաների և նրանց հյուրընկալող համայնքների աղջիկներին ու տղաներին, ներառյալ հաշմանդամություն ունեցող երեխաներին հասանելի կլինեն նաև սոցիալ – հոգեբանական ծառայությունները, ծնողավարման դասընթացներ կկազմակերպվեն ծնողների և խնամակալների համար, ինչպես նաև ուսուցիչները կստանան հմտություններ՝ օգնելու երեխաներին հաջողությամբ ինտեգրվել դասարաններում:

  • Կիսվել: