շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Կարմիր խաչը տասն օր է՝ Արցախից բուժառուներ չի տեղափոխել Հայաստան

Կարմիր խաչը տասն օր է՝ Արցախից բուժառուներ չի տեղափոխել Հայաստան

Ապրիլի 29–ից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Հայաստան բուժառու չի տեղափոխվել։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Վերջինս տեղեկացրեց, որ այս պահին կազմակերպությունը կողմերի հետ տեղափոխման հետ կապված որոշ ընթացակարգեր է հստակեցնում։
 
«Նոր անցակետ տեղադրելուց հետո մենք երկու անգամ կատարել ենք տեղաշարժեր։ Մեկը ապրիլի 28-ին է եղել` տեղափոխել ենք 13 բուժառու, մյուսը` ապրիլի 29-ին, այդ օրը տեղափոխել ենք ևս 16 բուժառու։ Սակայն այս երկու գործողությունից հետո որոշակի հստակեցումների և շտկումների կարիք եղավ, որն այս պահին դեռևս քննարկումներ մեջ է»,– նշեց նա։
 
Նա նշեց, որ այս պահին որոշակի ուշացումներ կան, բայց նաև հավելեց, որևէ արգելքի մասին խոսք չկա։
Հիշեցնենք, որ 2022 թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել էր Արցախի (Լաչինի) միջանցքը։ Իսկ 2023 թ. ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել էր Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում։ 

  • Կիսվել: