երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախը պետք է լինի հայկական, Արցախը պետք է լինի զարգացած և երջանիկ երկիր. Ռուբեն Վարդանյան

Արցախը պետք է լինի հայկական, Արցախը պետք է լինի զարգացած և երջանիկ երկիր. Ռուբեն Վարդանյան

Այն, ինչ սկսվել է 1988 թվականից, որ Արցախը պետք է լինի հայկական, Արցախը պետք է լինի զարգացած և երջանիկ երկիր, նույնն է մնացել։ Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը: Նրա խոսքով՝ նվազել է հավատն առ այն, որ դա իրականություն է դառնալու:

«Եվ մարդկանց մոտ ավելի մեծ խնդիր է այն, որ իրենք չեն հավատում ապագային, չեն հավատում առաջնորդներին, ղեկավարներին, և այս տեսանկյունից կասկածի տակ է դրվում, որ մենք կարող ենք հասնել այդ նպատակին: Ես վստահ եմ, որ մենք կարող ենք հասնել այդ նպատակին, դա մեզանից մեծ ջանք և աշխատանք է պահանջում: Դուք հարցնում եք, թե ինչպես ենք հասնելու այդ նպատակին, և դա ճիշտ հարց է:
 
Նախ, մենք պետք է վերանայենք կառավարման ընդհանուր մոտեցումը, մենք պետք է վերականգնենք հասարակության հավատը ղեկավարության նկատմամբ, որովհետև ճգնաժամի ժամանակ եթե դու չես հավատում քո առաջնորդներին, եթե դու չես հավատում քո ղեկավարությանը, դու ոչինչ չես կարող անել:
 
Երկրորդ, մենք անպայման պետք է ամեն ինչ անենք, որ մարդիկ հասկանան, որ ստեղծված իրավիճակում մեր հաղթանակի միակ ճանապարհը միավորման մեջ է: Երրորդ, մենք պետք է ընդունենք, որ փոփոխություններն անխուսափելի են, և այդ փոփոխությունները կարող են շատ ցավոտ արձագանք առաջացնել, առաջին հերթին, էլիտայի շրջանում, որոնք շատ հաճախ ավելի շատ հնարավորություններ են ունեցել, քան հասարակ մարդիկ: Եվ դա անընդունելի է ինձ համար»,-ասել է նա:

  • Կիսվել: