երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախում միջին անվանական աշխատավարձն աճել է ավելի քան 28 տոկոսով

Արցախում միջին անվանական աշխատավարձն աճել է ավելի քան 28 տոկոսով

Արցախի Հանրապետությունում 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է մոտ 255 հազար դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակշրջանի համեմատ աճել է 28,7 տոկոսով:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, ասել է Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը՝ ներկայացնելով Հանրապետությունում 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը:

«Սա բավական բարձր ցուցանիշ է: Ընդ որում հատկանշական է, որ պետական հատվածում աշխատավարձը շատ ավելի բարձր է՝ 274,4 հազար դրամ, քան մասնավորում, որտեղ այդ ցուցանիշը կազմում է 214.4 հազար դրամ: Ընդ որում, պետական հատվածում նախորդ տարվա համեմատ աճը ավելին է 30 տոկոսից, իսկ մասնավորում՝ 19 տոկոսից»,-մանրամասնել է Մ. Մինասյանը: Նար հատկանշական է համարել տնտեսավարող սուբյեկտների գրանցումների թիվը, որն ըստ ԱՎԾ նախագահի, տնտեսական ակտիվության մասին է վկայում: «Ըստ պետական ռեգիստրի տվյալների՝ այս տարի ունեցել ենք 551 նոր գրանցված սուբյեկտ, որից 175-ը իրավաբանական անձ և կազմակերպություններ են, իսկ 376-ը՝ անհատ ձեռնարկատերեր: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը բավական նվազել է»,-ներկայացրել է Մ.Մինասյանը՝ հավելելով, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում 770 տնտեսվարող սուբյեկտ է գրանցվել:

  • Կիսվել: