երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախում մեկնարկած «Ես» կրթական ծրագիրը գյուղական համայնքներում որակյալ և ժամանակակից կրթություն է ապահովում

Արցախում մեկնարկած «Ես» կրթական ծրագիրը գյուղական համայնքներում որակյալ և ժամանակակից կրթություն է ապահովում

Դեռևս 2019թ. սեպտեմբերից Արցախում մեկնարկած «Ես» կրթական ծրագրի նպատակները պատերազմից առաջ և հետո նույնն են մեկ պարզ պատճառով՝ խնդիրները, որոնք լուծում է «Ես» կրթական ծրագիրը պատերազմից հետո ավելի ընդգծված են դարձել:

Ծրագրի նպատակներն են. կասեցնել երիտասարդների արտագաղթը գյուղական համայնքներից, իրականացնել պաշտպանության բանակի համար նորագույն ռազմական տեխնոլոգիաներին տիրապետող զինվորների ու ապագա կրտսեր սպաների նախնական պատրաստություն, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ նորարարական գաղափարներ (Start-Up-ներ) իրականացնել աշակերտների հետ, ռազմարդյունաբերության ոլորտում կատարել գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ:

«Ես» կրթական ծրագիրը բոլոր խնդիրների լուծման միակ բանալին համարում է կրթությունը և կրթված ու զարգացած հասարակությունը։ Այն կազմված է երեք փուլից։

«Մեկնարկային փուլը նախապատրաստական բնույթ է կրում՝ բացահայտում է շահառուների ընդունակություններն ու նախասիրությունները, ամրապնդում է ֆունդամենտալ առարկաներից ունեցած գիտելիքները, ծանոթացնում է ՏՏ ոլորտի հիմնական մասնագիտությունների հետ, երկրորդ փուլին մասնակցելու համար տալիս է անհրաժեշտ պարզ հմտություններ։

Բնութագրությունը հասանալի չէ

Երկրորդ փուլում շահառուն ՏՏ ոլորտի կոնկրետ մասնագիտություն է սովորում՝ դառնալով տվյալ ուղղության սկսնակ մասնագետ։ Երրորդ փուլում կրթական փուլը հաղթահարած շահառուներից ձևավորվում են թիմեր՝ հիմնադրամը ապահովում է նորաստեղծ թիմերին անհրաժեշտ տեխնիկայով, տարածքով, գործնական կապերով, նախնական պատվերներով և մենթորներով։ Այս պրոցեսը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև թիմը (նորաստեղծ ընկերությունը) կայանա և լրիվ ինքնուրույնություն ձեռք բերի», - «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում նշեց ծրագրի տնօրեն Աշոտ Ավանեսյանը:
 
Մեր զրուցակցի հավաստմամբ՝ «Ես» կրթական ծրագիրը գյուղական համայնքներում որակյալ և ժամանակակից կրթություն է ապահովում, աջակցում է ժամանակի պահանջներին համապատասխան գյուղատնտեսություն և գյուղատնտեսական արտադրանք ունենալուն։
 
«Ծրագրի շրջանավարտների մասնակցությամբ ստեղծվում են ՏՏ ընկերություններ, որոնք մշտական աշխատատեղեր են, փաստացի արտադրանք և ծառայություն են արտահանում արտերկիր և ապահովում են այն ֆինանսական կապիտալը, որի հիման վրա հնարավոր է զարգացնել համայնքային ենթակառուցվածքները»,- հավելեց Ա.Ավանեսյանը:

Ամբողջ ծրագրիը շատ հստակ ընթացակարգ է, որում սահմանված են բոլոր խնդիրները, հնարավոր լուծումները և քայլերի հաջորդականությունը, որը հանգեցնելու է տվյալ խնդրի լուծմանը։

  • Կիսվել: