Արցախում կանխիկ դրամի հետ կապված խնդիր կա. Ռուբեն Վարդանյան
Մենք հասկանում ենք, որ անորոշ իրավիճակ է և դժվար է գնահատել սպասելիքները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ հավելելով, որ Արցախում կանխիկ դրամի հետ կապված խնդիր կա:
Պետնախարարը հորդորեց տերմինալներն օգտագործել, քարտերով գործարքներ կատարել, հորդորեց մեծ խանութներին առևտուր անել քարտային գործարքներով ևս:
Վարդանյանը նաև անհատապես անուններ հրապարակեց՝ նշելով տնտեսվարողների, որոնք անբարեխիղճ են գտնվել և բարձրացրել են որոշ ապրանքների արժեքներ, նշեց Ծովատեղ համայնքի ղեկավարի անուն, որն անտարբերություն է ցուցաբերել և քայլեր չի ձեռնարկել համայնքին հաց մատակարարելու համար: Նա նշեց, որ ամեն օր հրապարակելու է անբարեխիղճ անձանց անուններ, որովհետև անհրաժեշտ է ճիշտ գնահատել պահեստներում առկա պաշարները, ռեսուրսների օգտագործումը: Ռուբեն Վարդանյանը նշեց Կարմեն Ասլանյանի անունը՝ հորդորելով չաշխատել իր ընտրած ճանապարհով:
«Մենք աշխատում ենք, համախմբված ենք, վստահ եմ, որ մենք ճիշտ ենք աշխատում և միայն ուժեղանում այս իրավիճակից»,-հավելեց Վարդանյանը:
Հիշեցնենք՝ արդեն հինգերորդ օրն անընդմեջ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է բնապահպաններ ներկայացող մի խումբ անձանց կողմից: