հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախում արձանագրված 34 հանցագործությունից 32-ն արդեն բացահայտվել է

Արցախում արձանագրված 34 հանցագործությունից 32-ն արդեն բացահայտվել է

Հոկտեմբերի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում՝ ոստիկանության հերթապահ մասում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 51 հաղորդում, որից՝ 34-ը հանցագործությունների վերաբերյալ:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից՝ հավելելով, որ արձանագրված հանցագործություններից 32-ը բացահայտվել և քննության փուլում է:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ գրանցվել է յուրացման կամ վատնման 1, անձնական ունեցվածքի գողության 3 դեպքեր, ևս 5 հաղորդում ստացվել է վիճաբանությունների ու դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ:

Գողության դեպքերից մեկը գրանցվել է Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում: Հաղորդում է ստացվել, որ համայնքում տեղադրված «Արցախբանկ» ՓԲԸ-ին պատկանող բանկոմատի հետևի մասը ջարդված է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հոկտեմբերի 15-ի ժամը 23:00-ից մինչև հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը էլեկտրական սղոցի ներգործության եղանակով կտրել է բանկոմատի հետևի մասը, որի դրամարկղից հափշտակել է մոտ 8.000.000 ՀՀ դրամ գումար: Գողությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվում են են անհետաձգելի միջոցառումներ:

Արձանագրվել է ապօրինի ծառահատման 8 դեպք: Շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 1 հանցագործություն: Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է շրջանառությունն արգելված թմրամիջոցների 8 դեպք:

Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների արդյունքում՝ տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք կամովին հանձելու նպատակով ոստիկանություն է դիմել 1 քաղաքացի: Ինքնասպանության 1 դեպք է արձանագրվել Ստեփանակերտ քաղաքում: Հոկտեմբերի 17-ին ժամը 4:00-ի սահմաններում Ստեփանակերտի 40-ամյա բնակիչն իրեն պատկանող ատրճանակով ինքնասպանություն է գործել Ազատամարտիկների անվան պուրակում:

Հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: Շաբաթվա ընթացքում իր ծառայողական պարտականությունը կատարելիս բեկորային վիրավորում է ստացել ոստիկանության լեյտենանտ Լեռնիկ Բալասանյանը: 32-ամյա Հ.Հ.-ի բնակարանը զննության ենթարկելիս, վերջինս մտել է տուն, նռնակը բերել մարտական պատրաստության և սպառնացել ոստիկանության ծառայողներին: Նրան հետապնդելու և վնասազերծելու ընթացքում նա նռնակը նետել է ոստիկանության ծառայողների ուղղությամբ, ինչի արդյունքում ոստիկանության լեյտենանտ Լ. Բալասանյանը: Հոկտեմբերի 16-ին հաղորդում է ստացվել Ստեփանակերտ քաղաքի 20-ամյա բնակչուհի Է.Ա.-ի անհայտ կորելու մասին:

ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, Մարտունու և Մարտակերտի շրջանային բաժինների ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 15-ին ժամը 20:00-ի սահմաններում Է. Ա.-ն և Ստեփանակերտի 29-ամյա բնակիչ Մ. Բ.-ն ամուսնանալու նպատակով, նախնական հանաձայնությամբ մեկնել են քաղաք Մարտունի:

Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցված հաղորդումների տվյալներով, նախորդ շաբաթվա համեմատ աճել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար, որից 18-ը՝ նյութական վնասով, 3-ը՝ մարմնական:

Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 3 քաղաքացի: Ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 27 դեպք, 19 վարորդ եղել է անսթափ վիճակում, 199-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը: Հանցագործությունների բացահայտման և դրանց կանխարգելման միջոցառումներին զուգահեռ՝ ոստիկանության ծառայողներն Արցախի Հանրապետության տարածքում ապահովում են կայուն հասարակական կարգ ու կանոն:

  • Կիսվել: