կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախում ապրել ու արարել ցանկացողները շատ են, ընտանեկան բիզնեսները ֆինանսավորվում են՝ արցախահայության համար ստեղծելով աշխատատեղ, ապրուստի միջոց

Արցախում ապրել ու արարել ցանկացողները շատ են, ընտանեկան բիզնեսները ֆինանսավորվում են՝ արցախահայության համար ստեղծելով աշխատատեղ, ապրուստի միջոց

Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղը շուտով հացի արտադրամաս կունենա։

Շրջկենտրոնից 7 կմ հեռավորության վրա գտնվող Ծաղկաշատում հացի արտադրամաս հիմնելու գաղափարը չորս զավակների մայր Անահիտ Կասյանին է, իսկ այն կյանքի կոչել կօգնի «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամը։
 
Ծաղկաշատում թխվող հացը նաև հարևան երկու՝ Խաչեն և Ռև գյուղերի բնակիչներին կհասցվի։
 
Հիմնադրամի արտաքին կապերի բաժնի պետ Էմմա Պետրոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է՝ Ծաղկաշատի հացի արտադրամասը մեկն է այն 10 ծրագրերից, որոնք «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամը ֆինանսավորել է։
 
Հիմնադրամում չեն կասկածում՝ համայնքային զարգացման ծրագրերն առաջնահերթ են, բայց ընտանեկան բիզնես- նախագծերը ևս աջակցության կարիք ունեն։
 
Մարտունու շրջանի՝ սահմանամերձ դարձած Բերդաշեն գյուղի բնակիչ Արայիկ Հայրապետյանին, օրինակ, անասնապությամբ և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվելուն ֆինանսական միջոցների սղությունն էր խանգարում։ Նույն խնդրի առաջ Թաղավարդից տեղահանված ու Ստեփանակերտում հաստատված Բադասյանների ընտանիքն էր կանգնած։
 
Բադասյանները մինչև 2020թ․ ադրբեջանական ագրեսիան Թաղավարդում ճագարաբուծությամբ էին զբաղվում։ Պատերազմի հետևանքով ընտանիքը կորցրել է թե՛ տունը, թե՛ բիզնեսը։ Հիմա արդեն խնդիրը երկուսի համար էլ լուծված է։
 
Ծրագրերը, որոնք հիմնադրամը ֆինանսավորում է, Էմմա Պետրոսյանի խոսքով, տարբեր ուղղություններ ունեն՝ տնտեսություն, կրթություն, մշակույթ, տեղեկատվական տեխնոլոգիաներ․․․ Դրանց ֆինանսավորման համար անհրաժեշտ ամբողջ գումարն Արցախում առաջին անգամ կազմակերպված «Կանգնի՛ր Արցախի կողքին» խորագրով հեռուստամարաթոնի ընթացքում է հավաքվել։
 
Ըստ նրա՝ բոլոր ծրագրերը, նախքան դրամահավաքի մեկնարկը, ներկայացված էին հիմնադրամի կայքում, ու նվիրաբերողներն իրենք էին որոշում, թե որ ծրագրին օժանդակեն։ Այդպես նախապես ներկայացված 15 ծրագրերից ընտրվեցին 10-ը՝ շուրջ 56 մլն դրամ ընդհանուր բյուջեով։ Եվս 25 հազար ԱՄՆ դոլար նախատեսված է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի համար։
Մինչև այս պահը հավաքագրվել է ավելի քան 92 մլն ՀՀ դրամ։ Պետրոսյանը վստահեցնում է՝ հիմնադրամի կայքում ներկայացված մյուս ծրագրերը նույնպես մոտ ապագայում կֆինանսավորվեն։

  • Կիսվել: