երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախից բռնի տեղահանված 50 հոգի աշխատում է Քաջարանի «Աժդանակ» ընկերությունում․ թափուր աշխատատեղեր՝ նաեւ պետական հաստատություններում

Արցախից բռնի տեղահանված 50 հոգի աշխատում է Քաջարանի «Աժդանակ» ընկերությունում․ թափուր աշխատատեղեր՝ նաեւ պետական հաստատություններում

Արցախից բռնի տեղահանված 50 հոգի աշխատում է Քաջարանի «Աժդանակ» ընկերությունում․ թափուր աշխատատեղեր՝ նաեւ պետական հաստատություններում:

Aravot.am-ի փոխանցմամբ, Արցախից բռնի տեղահանվածներին աշխատանքի ընդունելու համար Սյունիքի շատ կազմակերպություններ սոցիալական  հարթակներում  հայտարարություններ էին տարածել։  Օրինակ, Կապանի ճանշին ընկերությունը հայտարարությունից բացի նաեւ դիմել է Սյունիքի մարզպետի աշխատակազմին եւ միասնական սոցիալական ծառայությանը։ Թափուր 10 աշխատատեղ ունեն, բայց ոչ  մի արցախցի մինչեւ օրս չի դիմել։
 
 «Աժդանակ» ՍՊ ընկերությունը առաջին ձեռնարկություններից մեկն էր,  որ տարբեր հարթակներով հայտարարություն տարածեց։ Այսօր արդեն ընկերությունում աշխատում է 50 արցախցի։
 
 Ընկերության ներկայացուցիչ Սյունե Բարսեղյանը նշեց, որ առաջիկա ամիսներին  այդքան աշխատեղ էլ նախատեսում են բացել։ Թափուր աշխատեղեր ձեռնարկությունում առկա չէին, սակայն ընկերության սեփականատեր Գարիկ Ղազարյանի որոշմամբ ստեղծվեցին նոր աշխատեղեր։ «Ինչքան էլ ֆինանսապես ձեռնտու չլինի ընկերությանը, մեր նպատակը մեկն է՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն ունենան բոլոր հնարավորությունները՝ նորից ապրելու»,-նշեց Սյունե Բարսեղյանը։
 
«Աժդանակ» ՍՊԸ–ն նաեւ ֆինանսական աջակցություն է տրամադրել արցախցիներին, այս պահին հոգում է բռնի տեղահանված 4 ընտանիքի կեցության հարցերը։ Նշենք, որ ընկերության սեփականատեր Գարիկ Ղազարյանը պարբերաբար ֆինանսական ներդրում է կատարել  բանակի ամրացման եւ Սյունիքի անվտանգային հարցերը լուծելու համար, աջակցել է սոցիալապես անապահով մարդկանց։
 
«Աժդանակ» ընկերությունն անցած տարի նոյեմբերին Ստեփանակերտին երեք միավոր հատուկ տեխնիկա էր նվիրել։ Ի դեպ, ինչպես մեզ տեղեկացրին Սյունիքի մարզպետի աշխատակազմից, պետական կառույցներում եւս կան թափուր աշխատատեղեր, մասնավորապես՝ մանկավարժների, բժիշկների, բուժքույրերի կարիք կա։ Մարզային ենթակայության հաստատություններն նույնպես աշխատանքի ընդունման հայտարարություններ են տվել։

  • Կիսվել: