ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախի ժուռնալիստների միությունում արժևորել են լրագրողի մասնագիտական օրը

Արցախի ժուռնալիստների միությունում արժևորել են լրագրողի մասնագիտական օրը

Այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների մասնագիտական օրվա կապակցությամբ Արցախի ժուռնալիստների միությունում մի խումբ լրագողներ ԱՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել են մեդալներով:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ` պետական պարգևները լրագրողներին է հանձնել ԱՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության պետ-աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահրամ Պողոսյանը:

Նա շնորհավորել է լրագրողներին մասնագիտական օրվա կապակցությամբ:

«Մաղթում եմ, որ այսուհետ մեր գրիչը, մեր խոսքը արտացոլեն միայն խաղաղ խաղաղ առօրյան: Եվ այն ծանր ժամանակահատվածը, որ մենք ունեցանք վերջերս, դառնա պատմություն: Մենք ունենք արժանիների մեծ բանակ, ովքեր իրենց մեծ ավանդն ունեն մեր լրագրության զարգացման պատմության մեջ: Եվ ուզում եմ համոզված ասել, որ ժամանակի ընթացքում բոլորին էլ փորձելու ենք ուշադրության արժանացնել, որպեսզի ոչ մեկն իր վաստակի համար իրեն երբևէ չգնահատված չզգա»,-նշել է Վ. Պողոսյանը, հարգանքի խոսք հնչեցրել լրագրողական համայնքի ներկայացուցիչներ Վարդգես Բաղրյանի և Անահիտ Դանիելյանի հիշատակին` պետական պարգեւներ հանձնելով նրանց հարազատներին։

Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանն իր հերթին շնորհավորել է բոլոր լրագրողներին մասնագիտական օրվա կապակցությամբ:

«2010 թվականի ապրիլի 30-ին ԱՀ Կառավարության որոշմամբ մայիսի 23-ն Արցախում սահմանվեց որպես լրագրողի մասնագիտական տոն օր: Լրագրությունը շատ հին մշակութային մի գործոն ու բաղադրիչ է, որը ևս մեկ անգամ փաստում է Արցախի հայկական լինելը: Լրագրողի աշխատանքը շատ ծանր է, և ես այդ աշխատանքը համեմատում եմ սահմանին կանգնած զինվորի առաքելության հետ»,-ասել է Կ. Գաբրիելյանը:

Միջոցառման շրջանակներում միությունում կայացել է նաև գրող Արիս Արսենիի` «Օր օրի, ժամ առ ժամ» գրքի շնորհանդեսը:

Գիրքը լույս է ընծայվել Արցախի ժուռնալիստների միության հովանավորությամբ, իսկ խմբագիրը միության նախագահ Կիմ Գաբրիելյանն է:

«Գրքում ներկայացրել եմ նախորդ դարի 80-ական թվականների վերջին տարիներին բռնկված և ավելի քան 30 տարի շարունակ իր լուծումը չստացած Արցախյան հարցի նորօրյա փուլի՝ համաժողովրդական շարժման ընթացքում ծավալված ընդհատակյա պայքարի ու զինված հակամարտության` 1988-2022 թվականների ողջ ժամանակագրությունը: Այն իրականացվել է ամենօրյա գրառումների արդյունքում և նպատակ ունի սկզբնաղբյուրի դեր կատարել տվյալ ժամանակաշրջանի իրադարձություններով հետաքրքվողների համար»,-մեզ հետ զրույցում ասել է հեղինակը:

Շնորհանդեսի ժամանակ բարձրացվել է գիրքը ռուսերեն, անգլերեն լեզուներով թարգմանելու և էլեկտրոնային տարբերակ ստեղծելու հարցը:

  • Կիսվել: