ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի ժողովուրդն այլևս երբեք չի ենթարկվելու այն վտանգներին, որ Արցախի ժողովուրդը տեսել է 90-ականներին. Մնացականյան

Արցախի ժողովուրդն այլևս երբեք չի ենթարկվելու այն վտանգներին, որ Արցախի ժողովուրդը տեսել է 90-ականներին. Մնացականյան

Ստեփքանակերտի ուզիզ մասնակցությունը բանակցային գործընթացին մեզ համար շատ կարևոր սկզբունքային հարց է, և ամենից բացի դա պրակտիկ հարց է։ Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Եթե մենք իրապես կենտրոնանում ենք արդյունավետ բանակցային խաղաղ գործընթացի վրա, ուղղակի արդյունավետությունն ապահովելու առումով այս գործառույթի իրականացումը, Արցախի մասնակցությունը գործընթացին պրակտիվ խնդիր է։ Սա որևէ կերպ չի նվազեցնում Հայաստանի պատասխանատվությունը և պարտավորություններն այս գործընթացում, բայց ամրագրում է շատ ավելի հստակ արդյունավետություն՝ խաղաղ գործընթացում ռեալ առաջընթաց ապահովելու համար»,- նշել է նա։

Նախարարը ընդգծել է, որ թե Հայաստանի, թե Արցախի համար շատ հստակ է կարևոր մեկ նպատակ՝ հասնելու բացարձակապես խաղաղ կարգավորմանն այս գործընթացում, բացառելու որևէ նոր վտանգներ, սպառնալիքներ Արցախի ժողովրդի անվտանգության համար։

«Սպառնալիքները, ինչպես ասացի, խստորեն ժխտվում են, և անկախ սերունդների փոփոխությունից՝ մեկ բան շատ կայուն և շատ սկզբունքային, առաջնային է՝ անվտանգության գործոնը, անվտանգությունն այն առումով, որ Արցախի ժողովուրդն այլևս երբեք չի ենթարկվելու այն վտանգներին, որ Արցախի ժողովուրդը տեսել է 90-ականներին։ Չմոռանանք՝ ինչ իրավիճակներ են եղել Արցախի անվտանգության համար 1992թ., 1993թ․-ին։ Ինչպես է այդ շարունակական սպառնալիքն արտահայտվում տարբեր ժամանակահատվածներում։ Լինի դա ատելության, հայատյացության քաղաքականությունը, մաքսիմալիզմի, այդ մաքսիմալիստական մոտեցումների արտահայտումը խաղաղ գործընթացներում, դրա ավելի ծայրահեղ արտահայտումները, ինչպես եղան 2016թ․ ապրիլին»,- նշել է նախարարը` հավելելով, որ սա շարունակական հիշեցումն է, որ սպառնալիքը ռեալ է:

Ըստ նրա, սպառնալիքը գոյություն ունի, և անվտանգության բաղադրիչի գերակայությունն առավել քան արտահայտված է՝ անկախ նրանից, թե որ շրջանին է դա վերաբերում։

«Սպառնալիքը, դժբախտաբար, մնում է չափազանց տեսանելի գործոն։ Եվ մեզ համար սա գերակա խնդիրներից մեկն է: Դրան զուգահեռ՝ Արցախի ինքնորոշման իրավունքը, ազատ ապրելու իրավունքը եղել և մնում է մեր գերակա խնդիրներից մեկը։ Մենք այս շրջանակներում շարունակելու ենք աշխատել խաղաղ գործընթացի շրջանակներում, Մինսկի համանախագահության հովանու ներքո բանակցել մյուս կողմի հետ»,- եզրափակել է Մնացականյանը։

  • Կիսվել: