ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի ժողովրդի կարծիքը ամենագլխավոր գործոնն է ռուս խաղաղապահների ժամկետի երկարաձգման, որովհետև նրանք Արցախում են մե՛ր անվտանգությունն ապահովելու համար․ Բեգլարյան

Արցախի ժողովրդի կարծիքը ամենագլխավոր գործոնն է ռուս խաղաղապահների ժամկետի երկարաձգման, որովհետև նրանք Արցախում են մե՛ր անվտանգությունն ապահովելու համար․ Բեգլարյան

3.5 տարի չի մնացել։ Ես համոզված եմ, որ Արցախի ժողովրդի կարծիքը ամենագլխավոր գործոնն է խաղաղապահների ժամկետի երկարաձգման, որովհետև նրանք Արցախում են մե՛զ համար, մե՛ր անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ վստահեցնելով, որ Ռուսաստանը կերկարաձգի խաղապահ առաքելությունը Արցախում և 3.5 տարի անց չի հեռանա այնտեղից։

Թե ինչ հիմքերով է եռակողմ համաձայնագրով ամրագրված ժամկետից հետո Ռուսաստանն իր ռազմական ներկայությունը շարունակելու պահպանել Արցախում, եթե դրա համար հարկավոր է նաև Ադրբեջանի համաձայնությունը, Արտակ Բեգլարյանը Ռուսաստանի տիրույթում գտնվող հարց է համարել։

«Թե ինչպես նրանք երկար ժամանակով կմնան Արցախում, եկեք թողնենք ռուսական կողմին։ Ես համոզված եմ, որ ռուս խաղաղապահները 5 տարով չեն այնտեղ։ Ձեր կարծիքով պատահակա՞ն է, որ նույնիսկ Մուրադովը վերջերս հայտարարեց արդեն բացեիբաց, որ 5 տարով չեն ռուս խաղաղապահներն Արցախում։ Այդ մակարդակի ռազմական գործիչը պատահական նման հայտարարություն կանի՞», - ասել է նա։

Արցախի պետնախարարը միևնույն ժամանակ նշել է, որ թեպետ ռուս խաղաղապահների ներկայությունը  շատ կարևոր է, բայց հասկանալի է նաև, որ դա կարող է լինել ժամանակավոր։

«5 տարով, 10, 15, 50 տարով, բայց դա կարող է լինել ժամանակավոր։ Եվ մենք կողմ ենք, ցանկանում ենք, որ հակամարտությունը խաղաղ լուծվի։ Մենք ամեն ինչ պատրաստ ենք անել՝ մեր իրավունքների, մեր կարմիր գծերի սահմաններում, որ հակամարտությունը լուծվի, բայց, ցավոք սրտի, ադրբեջանական կողմի պատրաստակամությունը մենք չենք տեսնում», - ասել է նա։

Բեգլարյանը համաձայնել է կարծիքին, որ ադրբեջանական կողմը փակված է համարում հակամարտության հարցն ու ակնկալում է ռուսական խաղաղապահների հեռանալուց հետո ագրեսիա ձեռնարկել Ստեփանակերտի դեմ։

«Այո, նրանք այդպես են ենթադրում։ Մենք ունենք այս պահին ռուս խաղաղապահների և միջազգային երաշխիքները», - նշել է նա ու համոզմունք հայտնել, որ հարձակումը չի լինի 4 տարի հետ։ Հակառակ դեպքում, Բեգլարյանի խոսքով, հենց այդքան ժամանակ ունենք որոշում կայացնելու՝ ինչպե՞ս ենք վարվում։

«Եթե Ադրբեջանը հարձակվում է, մնո՞ւմ ենք և պաշտպանո՞ւմ ենք մեր հողը, մեր տունը, մեր արժանապատվությունը, թե՞ դուրս ենք գալիս։ Բայց մենք դուրս չենք գալու Արցախից», - շեշտել է նա։

  • Կիսվել: