երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի վրա Ադրբեջանի զինված հարձակումներն իրականացվել են 4 ուղղությունով, սա արել են հատուկ նպատակով

Արցախի վրա Ադրբեջանի զինված հարձակումներն իրականացվել են 4 ուղղությունով, սա արել են հատուկ նպատակով

Այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրել եմ բացառիկ փաստեր Արցախի (ըստ գյուղերի եւ քաղաքների) նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումների, զինված առաջխաղացումների ուղղությունների եւ բնակավայրերը թիրախավորելու, դրանք իրարից դիտավորությամբ մեկուսացնելու, մարդկանց տառապանքներ պատճառելու ադրբեջանական մեխանիզմի վերաբերյալ: Այս մասին գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Փաստերն ակնհայտորեն վկայում են, որ ադրբեջանական զինված ծառայողները մեկուսացրել են իրարից Արցախի խոշոր բնակավայրերը՝ Ստեփանակերտը, Մարտակերտը, Մարտունին եւ Ասկերանը:

Ընդ որում, զինված հարձակումներն իրականացվել են հենց այս 4 ուղղություններով:

Նրանք սա արել են հատուկ նպատակով: Այս ռազմավարության պատճառով հազարավոր մարդիկ կորցրել են կապն իրենց ընտանիքների հետ: Այս կերպ ադրբեջանական իշխանությունը դիտավորությամբ առաջացրել է խուճապ եւ քաոսային իրավիճակ: Ընդ որում, փաստերով ապացուցվում է, որ ադրբեջանական կողմը թիրախավորել է մարդկանց համար կենսական նշանակություն ունեցող քաղաքացիական ենթակառուցվածնքեր: Օրինակ՝ անմիջապես գրավել են Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման համակարգը, որի պատճառով հնարավոր չի եղել ֆիլտրացնել խմելու ջուրը եւ մարդիկ ստիպված են եղել խմել պղտոր ջուր: 

Այս ամենից զատ, ադրբեջանական կողմը հրետանային ու ավիացիոն հարվածներով թիրախավորել է բնակավայրերը, որը հանգեցրել է երկու տասնյակ զոհերի եւ հարյուրավոր վիրավորների խաղաղ բնակիչների շրջանում (ք. Ստեփանակերտ, Սառնաղբյուր, Վարդաձոր գյուղեր եւ այլն):

Արձանագրվել են նաև քաղաքացիական անձանց դիմահար սպանելու դեպքեր (օրինակ՝ Ստեփանակերտից Հարավ գյուղ տանող ճանապարհին սպանել են քաղաքացիական ավտոմեքենայով թոռանը գտնելու գնացող պապուն):

Ներկայացված փաստերը մենք հավաքագրել ենք սեպտեմբերի 19-ից սկսած:

Ասուլիսի ժամանակ փաստերով հիմնավորվեցին արցախահայերի բռնի տեղահանումները: Քարտեզների տեսքով ներկայացված ապացույցները, որ ադրբեջանական իշխանությունը մտադրված իրականացրել է ադրբեջանական էթնիկ զտումները՝ հայկական էթնիկ ինքնության նկատմամբ ատելության վրա հիմնված շարունակվող ցեղասպան քաղաքականության պայմաններում»:

  • Կիսվել: