կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախի նախագահը ևս մեկ հրամանագիր է ստորագրել

Արցախի նախագահը ևս մեկ հրամանագիր է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը ևս մեկ հրամանագիր է ստորագրել:

«Հաշվի առնելով սեպտեմբերի 20-ից հետո Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը՝ նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի 2023 թվականի հոկտեմբերի 1-ից պետական և համայնքային հիմնարկների, պետության և համայնքների կողմից հիմնադրված, ինչպես նաև դրանց մասնակցությամբ կազմակերպությունների, պետության և համայնքների կողմից ստեղծված հիմնադրամների աշխատողներին համարել ազատված զբաղեցրած պաշտոններից՝ բացառությամբ Արցախի Հանրապետության Նախագահի, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Անվտանգության խորհրդի քարտուղարի, Արցախի Հանրապետության պատգամավորների, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Արցախի Հանրապետության դատավորների, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի, Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի, Արցախի Հանրապետության պետական նախարարի, Արցախի Հանրապետության նախարարների, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետի, Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների, Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի, Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության պետի և արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի, Ստեփանակերտի քաղաքապետի, Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների, Արցախի Հանրապետության համայնքների ղեկավարների, Արցախի Հանրապետության կողմից հիմնադրված ընկերությունների (բացառությամբ պետական ոչ առևտրային կազմակերպությունների) և հիմնադրամների ղեկավարների, ովքեր շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով (առանց վարձատրության):

Հրամանագրով սահմանվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Արցախի Հանրապետության անունից տրվող փաստաթղթերը վավերական են»,-ասվում է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունում:

 

Մինչ այս, Արցախի նախագահը մեկ այլ հրամանագիր էր ստորագրել, որի 1-ին և 3-րդ կետերին համապատասխան ԱՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից նույն օրը որոշում է ընդունվել վերացված համարելու պետական և համայնքային բյուջեների, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության և համայնքների կողմից ստեղծված հիմնադրամների օգտին բռնագանձումներով պարտապանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքները:  Հրամանագրով միաժամանակ սահմանվել է, որ վերոնշյալ սուբյեկտների օգտին 2023 թվականի սեպտեմբերի 20-ից հետո բռնագանձված գումարները ենթակա են վերադարձման մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:

  • Կիսվել: