ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի միջազգային ճանաչումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանն ու խաղաղության ամրապնդմանը. Մայիլյան

Արցախի միջազգային ճանաչումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանն ու խաղաղության ամրապնդմանը. Մայիլյան

Ստեփանակերտում ընթացող «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովի ժամանակ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հայտարարել է, որ Արցախի միջազգային ճանաչումը կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությանն ու խաղաղության ամրապնդմանը:

Նրա խոսքով՝ ինքնորոշման մասին որոշումն ընդունվել է միջազգային և հայրենական օրենսդրությանը համապատասխան, և պատասխան է դարձել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների մշտական խախտմանը, զանգվածային էթնիկ զտումներին, երկխոսության հրաժարումից և ուժի կիրառմամբ լուծումներից: Մայիլյանը հիշեցրել է, որ այդ պայմաններում պետության ստեղծումն ամենաօպտիմալ միջոցն էր:

Ըստ նրա՝ 1994-ին հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումը հույս է ներշնչել, որ ճանապարհ կբացվի միջազգային ճանաչման և կարգավորման համար, սակայն խաղաղ գործընթացը բախվել է խոչընդոտների՝ հարցը խաղաղ ճանապարհով լուծելուց Ադրբեջանի հրաժարումի տեսքով:

« Խոչընդոտելով լիարժեք ձևաչափի վերականգնմանն ու հրաժարվելով վստահության ոլորտի ստեղծման հարցով միջոցներից, շարունակելով սպառազինությունների մրցավազքը, սպառնալով նոր պատերազմով և խեղաթյուրելով հակամարտության էությունը՝ Ադրբեջանը խոչընդոտում է միջնորդների ջանքերին: Ավելին, մեկուսացման և ատելության քարոզման քաղաքականություն է վարում, խորացնում անդունդն ու ձգձգում որոշման հնարավորությունը»,- ասել է  նախարարը:

Մասիս Մայիլյանը նաև հայտնել է, որ Բաքուն փոխզիջման ու մոտեցումները վերանայելու որևէ նշան չի ցուցաբերում: Մինչդեռ, ըստ նրա, Ադրբեջանի գործողություններին ի պատասխան՝ Արցախի իշխանությունները շարունակում են միջազգային համագործակցության հարթման ջանքերը: Մասնավորապես, 2012 թվականից մի շարք փաստաթղթեր են ընդունվել, Ավստրալիայի և ԱՄՆ-ի նահանգները ճանաչել են Արցախի անկախությունը, բարեկամության մասին համաձայնագիր է կնքվել ավելի քան 20 քաղաքների հետ: Քույր քաղաքների օգնությամբ տարբեր ծրագրեր են իրականացվել: Մասնավորապես, ֆրանսիական քաղաքների աջակցությամբ Արցախում շարունակվում է ֆրանկոֆոնիայի շենքի կառուցումը: 

Նա նաև նշել է, որ Արցախի ճանաչումը չի խոչընդոտում միջնորդների ջանքերին և լիովին համապատասխանում է բանակցությունների ոգուն: Ըստ նրա՝ միջնորդներն ասել են, որ  կարգավիճակի հարցը պետք է լուծի բնակչությունը, իսկ միջազգային ճանաչումը կօգնի վերջնական կարգավորմանը:

«Արցախը տարածաշրջանում խաղաղության իր քաղաքականությամբ ցույց է տվել, որ կարևոր դերակատարում ունի խաղաղության ճարտարապետության մեջ: Ճանաչումը թույլ կտա կիրառել փափուկ ուժ և կարևոր է մարդու իրավունքների տեսակետից: Մարդու իրավունքները չեն կարող ոտնահարվել, իսկ իրավունքները չեն կարող սահմանափակվել միայն այն պատճառով, որ ղարաբաղցիներն ապրում են չճանաչված երկրում: Չի կարելի կարգավորման սպասմամբ սահմանափակել պետական ինստիտուտների զարգացումը»,- ասել է  նախարարը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: