«Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյան». Ստեփանակերտում գրքի շնորհանդես է կայացել
Երեկ՝ հունիսի 11-ին, Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում կայացել է Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար նահատակված Ռոբերտ Աբաջյանին նվիրված «Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյան» գրքի շնորհանդեսը։
Գրքի շնորհանդեսն առաջին անգամ կայացել է Երևանում, նոյեմբերի 16-ին՝ հերոսի ծննդյան օրը։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում գրքի հեղինակ Լիլիթ Հարությունյանը պատմել է. «Ազատության հրապարակում ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին 2019 թվականին կազմակերպված երեկոյից հետո ինձ մոտեցավ Ռոբերտի հայրը ու ասաց.«Ուզում եմ որդուս ծննդյան տարեդարձին գիրք նվիրել, զգացում ունեմ, որ դու կկարողանաս գրել»։ Նույն թվականի հոկտեմբերին ուղևորվեցի Արցախ՝ Մարտակերտ՝ Ռոբերտ Աբաջյանի մարտական դիրք։ Գիրքը հրատարակվեց 2021 թվականի հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմից մեկ տարի անց։ Մարտակերտը կանգուն մնաց, բայց թշնամին գրավեց որոշ բնակավայրեր, դիրքեր։ Ռոբերտի՝ 116 լեգենդար դիրքը պահվեց, և զգացում ունեմ, որ իմ տունն է փրկվել»,-ասել է հեղինակը։