ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախի հայաթափման ծրագրի հիմնական խոչընդոտը ռուս խաղաղապահների ներկայությունն է. Գեղամ Ստեփանյան

Արցախի հայաթափման ծրագրի հիմնական խոչընդոտը ռուս խաղաղապահների ներկայությունն է. Գեղամ Ստեփանյան

Մարդու իրավունքներն իրենց համար գերակայության հռչակած երկրներն իրավունք չունեն աչք փակել Արցախում նոր ցեղասպանության պատրաստման փաստի վրա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Գեղամ Ստեփանյանը:

«Երկու տարի է Արցախի ժողովուրդն ապրում եւ արարում է անսովոր պայմաններում՝ անորոշություն, Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման սպառնալիքներ, հոգեբանական ճնշումներ, ենթակառուցվածքների պարբերական խափանումներ: Արցախի ժողովուրդը տագնապի զանգ է հնչեցնում միջազգային հանրությանը՝ փորձելով նրանց հասցնել, որ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները՝ ոտնահարելով ուժի կիրառման անթուլատրելիության միջազգային սկզբունքը: Այս ամենով Ադրբեջանը վնասում է նաեւ խաղաղապահ առաքելությանը՝ կասկածի տակ դնելով Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարության ջանքերի արդյունավետությունը: Շատ դեպքերում Ադրբեջանի մատուցած չակերտավոր փաստարկները արժանանում են ուշադրության եւ փորձ է արվում Արցախի ժողովրդի ինքնորշման իրավունքը ստորադասել աշխարհաքաղաքական հետաքրքրություններին, որոշ դեպքերում էլ՝ ադրբեջանական նավթին եւ գազին»,- ասաց Ստեփանյանը:

Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ որեւէ հակամարտության լուծում չի կարող լինել միակողմանի զիջման հաշվին լինել, հետեւաբար խնդիրը չի կարող լուծված համարել, քանի դեռ որոշված չէ Արցախի վերջնական կարգավիճակը, երբ բռնազավթված տարածքներում հետեւողականորեն վերացվում է հայկական հոգեւոր ժառանգությունը:

«Հայկական Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ դա կնշանակի տարածք առանց իր բնիկ հայ բնակչության: Արցախը տեր է իր հայրենիքին, խաղաղ ապրելու իրավունքին եւ շարունակելու է գոյության պայքարը: Մարդու իրավունքներն իրենց համար գերակայության հռչակած երկրներն իրավունք չունեն աչք փակել Արցախում նոր ցեղասպանության պատրաստման փաստի վրա: Սա պարզապես զավեշտ է 21-րդ դարի աշխարհակարգի համար: Արցախի հայաթափման ծրագրի հիմնական խոչընդոտը ռուս խաղաղապահների ներկայությունն է: Տեղին եմ համարում դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Արցախի ժողովրդի անվտանգության հարցը շարունակելու խնդրանքով»,- նշեց Ստեփանյանը:

  • Կիսվել: