կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Արցախի Հանրապետությունում ՀՆԱ-ի ցուցանիշը համեմատաբար աճել է ավելի քան 18 տոկոսով

Արցախի Հանրապետությունում ՀՆԱ-ի ցուցանիշը համեմատաբար աճել է ավելի քան 18 տոկոսով

Արցախի Հանրապետությունում 2022 թվականի հունվար- սեպտեմբեր ամիսներին համախառն ներքին արդյունքի իրական աճի տեմպը կազմել է 118,2 տոկոս:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, ասել է Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը՝ ներկայացնելով Հանրապետությունում 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը:

«Մեր գնահատումներով և ներկայացված տվյալների հիման վրա, 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հանրապետությունում համախառն ներքին արդյունքի ցուցանիշը հաշվարկել ենք 199,6 միլիարդ դրամ՝ համախառն ներքին արդյունքի ինդեքս-դեֆլյատորի՝ 103,7 տոկոս ցուցանիշի պարագայում: Համախառն ներքին արդյունքի իրական աճի տեմպը կազմել է 118,2 տոկոս»,- մանրամասնեց Մ. Մինասյանը:
 
Նրա խոսքով արձանագրված տնտեսական աճն, այնուամենայնիվ, հեռու է նախապատերազմյան ժամանակահատվածի մակրոտնտեսական ցուցանիշներից:

«Ընդհանրապես ամբողջ աշխարհում, որպես կանոն,համեմատությունները կատարվում են նախորդ տարվա համեմատ: Անցած բազային տարում ունեցել ենք տնտեսական անկման բավական բարձր ցուցանիշ՝ 26,4 տոկոս: Ի դեպ՝ 2020 թվականին նույնպես, 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ, անկում է գրանցվել: Այս ֆոնին մենք դեռևս հեռու ենք նախապատերազմյան ժամանակաշրջանի մակրոտնտեսական ցուցանիշների մակարդակից: Համեմատելու համար ասեմ, որ 2021 թվականին արտադրված համախառն ներքին արդյունքը կազմել 162,8 միլիարդ դրամ: Արձանագրված 18,2 տոկոսից 10,4 տոկոսային կետն ապահովել է արդյունաբերությունը՝ ներառյալ էներգետիկան, իսկ 2,7 տոկոսն արտադրանքի հարկերն են կազմել, 1,9 տոկոսը՝ առևտրի և ծառայություններին է բաժին ընկել, 0.9 տոկոսը՝ գյուղատնտեսությանը, 0.7 տոկոսը՝ շինարարությանը»,-ասել է Մ.Մինասյանը:

  • Կիսվել: