ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախի Հանրապետության գալիք տարվա պետական բյուջեի նախագծով ՀՆԱ-ի մոտ 5 տոկոս աճ է կանխատեսվում

Արցախի Հանրապետության գալիք տարվա պետական բյուջեի նախագծով ՀՆԱ-ի մոտ 5 տոկոս աճ է կանխատեսվում

Դեկտեմբերի 8-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որին հրավիրված էր նաև պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ քննարկվել են «ԱՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցերը:

«Արցախի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի» նախագիծը ներկայացրել է ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը:
Նա նշել է, որ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության Նախագահի 2020-2025 թվականների ծրագրի նպատակադրումները և Արցախի Հանրապետության 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի դրույթները:

Գալիք տարվա  պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 49 մլրդ 850 մլն ՀՀ դրամի չափով, որը 2022 թվականի համար պլանավորված եկամուտների նկատմամբ ավել է 4 մլրդ 295.9 մլն ՀՀ դրամով կամ 9.4 տոկոսով: Այդ թվում հարկային եկամուտները և պետական տուրքերը կկազմեն 49  մլրդ դրամ կամ ընթացիկ տարվա համար պլանավորված եկամուտներից ավել 8.9 տոկոսով, որի արդյունքում կանխատեսումային «Հարկեր/ՀՆԱ» հարաբերակցությունը կկազմի 16  տոկոս:

2023թ. պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 215 մլրդ 171.4 մլն ՀՀ դրամի չափով, որը նվազել է ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսերից շուրջ 2.7 տոկոսով (2022թ. 221,035.2 մլն դրամի դիմաց): ՀՆԱ-ում ծախսերի մակարդակը կկազմի 69.1 տոկոս, ընթացիկ տարվա 77.5 տոկոսի դիմաց. արդյունքում դեֆիցիտը կկազմի 21 մլրդ 321.4 մլն ՀՀ դրամ, որը կֆինանսավորվի փոխառու միջոցների հաշվին:

2023 թվականի համար կանխատեսումային համախառն ներքին արդյունքի ծավալը կկազմի 311.5 մլրդ ՀՀ դրամ, աճը՝ մոտ 5  տոկոս, կանխատեսվող 4 տոկոս դեֆլյատորի դեպքում։

Բյուջետային վարկի չափը 2023 թվականին կկազմի 144  մլրդ ՀՀ դրամ:

Պատգամավորները իրենց ելույթներում շեշտել են, որ այս տարի բյուջետային քննարկումները ավելի պասիվ էին, որովհետև նախագիծը, նոր կառավարության ձևավորման հետ կապված, ենթակա է փոփոխության:

Նրանք պետնախարարի ուշադրությունը բևեռել են այն հանգամանքի վրա, որ պատգամավորական առաջարկություններն ընդունվում են կառավարության կողմից, սակայն նվազ չափով են կյանքի կոչվում:

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հորդորել է՝ նոր բյուջեն կազմելիս համագործակցել խորհրդարանի հետ՝ օգտագործելով ԱԺ փորձագիտական պոտենցիալը: Նա խոսել է հետպատերազմյան բյուջեի առանձնահատկությունների մասին՝ շեշտելով սոցիալական ուղղվածության պահպանման անհրաժեշտությունը:

«Եթե մենք չիրականացնեինք այդ սոցիալական ծրագրերը, ապա մեր հայրենակիցներից շատերը կբռնեին օտարության ճամփան»,- ասել է նա:

Պետական նախարար Ռուբեն Վարդանյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Դրանք հիմնականում վերաբերում էին նոր բյուջեին, կառավարության ձևավորմանը, իրականացվելիք ծրագրերին, գնաճին:

Պետական նախարարն ասել է, որ նոր կառավարությունը ձևավորվելու է հունվարի սկզբին, իսկ լրամշակված բյուջեի տարբերակը պատրաստ կլինի փետրվարին: Նա շեշտել է, որ նոր բյուջեն իրատեսական պետք է լինի՝ կառուցված զարգացման ծրագրերի վրա, իրականացվելիք բարեփոխումները լրացուցիչ ծախսեր կպահանջեն, սպասվում է պետական համակարգի վերաձևավորում:

ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը կողմ է քվեարկել ինչպես բյուջեի նախագծին, այնպես էլ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծին:

  • Կիսվել: