ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը դիմում է ՄԱԿ-ին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը դիմում է ՄԱԿ-ին

Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․ «2022թ. դեկտեմբերի 12-ին՝ կեղծ բնապահպանական պատրվակով, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակումը հումանիտար աղետի վերածվելու և փխրուն խաղաղությունը խաթարելու ու տարածաշրջանային նոր ապակայունացման միտում ունի: 

Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը երախտագիտություն է հայտնում խնդրով մտահոգ երկրներին, միջազգային կառույցներին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ՄԻԵԴ-ին՝ Ադրբեջանի կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակին արձագանքելու համար:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը դիմում է ՄԱԿ-ին՝ բնապահպանական մտացածին պատրվակով Ադրբեջանի իշխանությունների սադրանքները քողազերծելու, տարածաշրջանային բնապահպանական հիմնախնդիրներին ծանոթանալու և համապատասխան եզրակացություններ ներկայացնելու նպատակով կիրառել միջազգային անհրաժեշտ գործիքակազմեր, մասնավորապես Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) շրջանակում մոնիտորինգային խումբ գործուղել Արցախի Հանրապետություն և հարակից տարածքներ:
Ակնկալում ենք գործուն քայլերով հանգուցալուծելու տարածաշրջանում ստեղծված ճգնաժամային իրավիճակը»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: