Արցախի գոյությունն ինքնին կարևոր գործոն է. Դավիթ Բաբայան
Արցախի գոյությունը կարևոր գործոն է, որը թույլ չի տալիս, որպեսզի պանթուրքիստական ծավալապաշտական վեկտորը հասնի իր նպատակին:
Այս մասին այսօր կայացած «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» թեմայով գիտագործնական համաժողովի ընթացքում ասել է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը՝ հանդես գալով «Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակա հիմնախնդիրները արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» թեմայով զեկուցմամբ:
«Արցախը և մայր Հայաստանը, հայոց պետականությունն առհասարակ, հայտնվել է իր ողջ պատմության մեջ ամենավտանգավոր իրավիճակում: Այո, ժամանակներ եղել են, երբ մենք պետականության կորուստ ենք ունեցել, տարբեր սարսափելի իրադարձությունների կամ զարգացումների միջով ենք անցել, բայց այս իրավիճակը ամենաբարդն է: Եթե մենք հիմա կորցնենք մեր պետականությունը, ապա կորցնելու ենք հայոց պետականությունը և ընդհանրապես հայ ժողովրդի բնօրրանը: Մենք այլևս ռեսուրս չունենք,որ պետականությունը կորցնենք և սպասենք, որ հարմար պահի, որ նորից վերականգնենք: Հայ ժողովրդի էթնիկ արեալն այնքան է սահմանափակվել, որ գրեթե համընկնում է հայոց պետականության հետ: Բարդ իրավիճակին գումարվում է նաև 3-րդ ադրբեջանաարցախյան պատերազմից հետո կտրուկ փոխված ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը տարածաշրջանում: Արցախն աննախադեպ խոցելի է դարձել՝ փոքրացած, կախված տարբեր հանգամանքներից: Պարզ է, որ այս խոցելիության աստիճանը նաև թշնամիների համար ստեղծում է լրացուցիչ գայթակղություն հարցը կարգավորել վերջնականապես՝ վերացնել արցախյան պետականությունը»,-մասնավորապես ասել է Դ. Բաբայանը՝ հավելելով, որ ստեղծված բարդ իրավիճակին գումարվում է նաև ադրբեջանաարցախյան 3-րդ պատերազմից հետո կտուկ փոխված ռազմաքաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում:
«Արցախն աննախադեպ խոցելի է դարձել : Իր ողջ պատմության մեջ այսքան խոցելի վիճակում մենք երբևիցե չենք հայտնվել՝ փոքրացած, կախված տարբեր հանգամանքներից: Պարզ է, որ այս խոցելիության աստիճանը թշնամիների համար ստեղծում է լրացուցիչ գայթակղություն հարցը կարգավորել վերջնականապես. այսինքն՝ ոչնչացնել արցախյան պետականությունը»,-հավելել է Արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը:
Նրա համոզմամբ՝ ստեղծված իրավիճակում առկա են նաև հնարավորություններ, քանի որ Արցախի գոյությունը կարևոր գործոն է Անդրկովկասում, իսկ հակառակ դեպքում կստեղծվի ռազմաքաղաքական լիովին այլ կոնֆիգուրացիա՝ և Կենտրոնական Ասիայում, և Մերձավոր Արևելքում, և այլ տարածաշրջաններում:
«Մեր լինելիությունն ինքնին գործոն է, ինչը պետք է լավ հաշվի առնենք: Սա աշխարհաքաղաքական, արտաքին քաղաքական լծակ է, որը մենք ունենք: Մնացածն ածանցվում է սրանից: Հետևաբար այս իրավիճակում պետք է կարողանանք նաև այնպես անել, որ խուսափենք բարդություններից: Մեր առջև կանգնած ամենամեծ վտանգն Ադրբեջանի կազմում հայտնվելն է: Ակնհայտ է, որ այդ դեպքում Արցախն ունի միայն մեկ ապագա՝ հայաթափում: Մեզ համար անընդունելի է ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում: Մենք պարտավոր ենք ապրել կողք կողքի, որպես հարևաններ, բայց իրենց կազմում՝ անհնարին է: Մեր արտաքին քաղաքականության մեջ ավանդական, կարևոր խնդիրները մնացել են անփոփոխ՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում, երկկողմ հարաբերությունների զարգացում, հակամարտության կարգավորում: Արցախը պետք է ունենա սուբյեկտայնություն՝ ինքնուրույն կարողանա տնօրինել, իսկ ինքնուրույնության կարևորագույն բաղադրիչը սկզբունքայնությունն է»,-ընդգծել է Արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը՝ նշելով,որ աշխարհին լսելի լինելու համար շատ կարևոր է,որ Արցախը մնա որպես գերագույն արժեք հայության համար: