հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի դեմ սադրանքները մեկանգամյա չեն, դրանց դեմ հակաքայլեր են անհրաժեշտ. Արցախի ԱԺ պատգամավոր

Արցախի դեմ սադրանքները մեկանգամյա չեն, դրանց դեմ հակաքայլեր են անհրաժեշտ. Արցախի ԱԺ պատգամավոր

Արցախի ներկայիս վիճակի ու նրա ապագայի հետ կապված ցանկացած քննարկում պահանջված է, քանի որ գլոբալ ու տարածաշրջանային վերջին զարգացումները նոր մարտահրավերներ են առաջադրում հայ ժողովրդին:

ԱԺ-ում լսումների ժամանակ այս մասին ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Ստեփանյանը:
 
Պատգամավորի կարծիքով`2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված կացությունը լուրջ վերլուծությունների կարիք ունի հայկական երկրորդ Հանրապետության ազգաբնակչության անվտանգության խնդիրները մշտական ուշադրության տակ պահելու, կորցրած պաշտպանական հնարավորությունները վերականգնելու և խաղաղապահ զորակազմի գործողությունները ընդհանուր համակարգի մեջ ճիշտ համադրելու տեսանկյունից: «Թեկուզ նախորդ օրերին որոշակի աշխուժություն է նկատվել խորհրդարանների համագործակցության հարթակում, բայց մեր քննարկումները չեն կարող սահմանափակվել միայն կրթության, մշակույթի և տեխնոլոգիաների թեմաներով»,- ասաց Ստեփանյանը:
 
Նրա խոսքով` Արցախի սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ամրապնդման և 10 օր տևած հումանիտար ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու հարցերն անպայման պետք է ներառվեն քաղաքական հարցերի օրակարգում և դրանց շուրջ ծավալված մտքերի փոխանակությունը, առաջարկված գաղափարները պետք է գործողությունների ծրագիր դառնան պատկան մարմինների համար:
 
«Արցախի դեմ Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից 2020 թվականի սեպտեմբերին սանձազերծված պատերազմից ու հատկապես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո մենք ապրում ենք բոլորովին այլ, մեզ համար վնասակար ու ամենօրյա վտանգներով համալրվող անվտանգային միջավայրում: Այնպիսի տպավորություն է, որ մեր հակառակորդները մինչև այսօր ճշգրիտ ժամանակացույցով իրականացնում են նախապես մշակված և մեր խոցելի ու թույլ կետերի հաշվառմամբ լրացված համապարփակ ծրագիրը, իսկ մենք ամեն օր մտածում ու այդպես էլ չենք կարողանում համաձայնեցնել դեռ երեկ իրականացված սադրանքի դեմ հակաքայլ: Սահմանամերձ գյուղերի հանդեպ իրականացվող հոգեբանական ճնշումները և բոլոր հնարավոր միջոցներով այդ բնակավայրերում գյուղատնտեսական աշխատանքներին խանգարելը միջոցներ են, որոնք հաստատ մեկանգամյա չեն: Դրանք կիրառվում են որոշակի «արդյունք» ստանալու ակնկալիքով, իսկ Արցախ մտնող միակ գազատարի պայթեցումը տարվա այս շրջանում և այնպիսի պայմաններում, երբ բնակչության մեծամասնությունը բնական գազն է օգտագործում, ինչպես ջեռուցման, այնպես էլ տաք ջուր ստանալու համար, բնականաբար, հաշվարկված քայլ է եղել»,- եզրափակեց Ստեփանյանը:

  • Կիսվել: