ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արցախի Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է անցած տարվա աշխատանքները

Արցախի Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է անցած տարվա աշխատանքները

Այսօր՝ փետրվարի 8-ին, Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունում ամփոփել են նախորդ տարվա ցուցանիշները:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկայացվել է 2022 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի կատարման հաշվետվությունը, հաստատվել ծառայության հաշվեկշիռն ու հիմնական միջոցների դուրսգրման ցանկը:
 
«Արցախի Հանրապետությունում պետական վիճակագրությունը հանրային շահերին ուղղված գործառույթ իրականացնող մարմին է, իր ֆունկցիոնալ գործունեության մասով անկախ է Կառավարությունից, և, բնականաբար, հաշվետու է հանրությանը: Արդեն տասնյակ տարիներ Արցախում պետական վիճակագրությունն իրականացվում է ծրագրային հիմքերով: Մենք ունենք եռամյա ծրագիր, որն օրենքի ուժ ունի և հաստատվում է Հանրապետության օրենսդիր մարմնի՝ Ազգային ժողովի կողմից: Այդ ծրագրով, փաստորեն, սահմանվում են առաջիկա կամ կարգավորված երեք տարիների ընթացքում պետական վիճակագրական աշխատանքների կատարման հիմնական ուղղությունները, որոնց իրացումն արդեն ապահովվում է կոնկրետ միջոցառումների ցանկով: Դրանք  ամեն տարի հաստատում է վիճակագրության պետական խորհուրդը: Օրենքով սահմանված է նաև,որ խորհուրդը տարեկան ծրագրերը հաստատում է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքի ընդունումից հետո 30-օրյա  ժամկետում։ Սա պատահական չէ: Դժբախտաբար, առայսօր Արցախում վիճակագրության ֆինանսավորման, պետական վիճակագրության վարման հիմնական ֆինանսական աղբյուրը պետական բյուջեն է, դրա համար մեր աշխատանքները, ծրագրերի իրականացման ծավալները, շրջանակները մեծապես կախված են պետական բյուջեից հատկացվող ռեսուրսների ծավալներից»,-ներկայացրել է Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մ. Մինասյանը:
 
Նրա խոսքով՝ 2022 թվականին ԱՀ ԱՎԾ-ն իր գործունեությունը իրականացրել է մի շարք սկզբունքներով:
 
«Դրանք այնպիսի սկզբունքներ են, որոնք դրված են բոլոր երկրների վիճակագրական գործունեության հիմքում: Առաջինը վիճակագրական ցուցանիշների միջազգային համադրելիության ապահովումն է: Շատ կարևոր է, որպեսզի ցուցանիշները, որոնք հաշվարկում ենք, տվյալները, որոնք հավաքագրում, մշակում, ամփոփում ենք, ունենան նաև ընկալում այլ երկրներում: Այս առումով վիճակագրական տեղեկություների միջազգային համադրելիությունը չափազանց կարևոր է: Այս հարցում մեզ պարբերաբար օգնում է Հայաստանի Հանրապետության Վիճակագրական կոմիտեն»,-նշել է ԱՎԾ ղեկավարը:
 
Նրա իրազեկմամբ՝ մյուս սկզբունքը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների՝ ռեսպոդենտների հետ աշխատանքն  է:
 
«Պատերազմից հետո ռեսպոդենտների աշխատանքի հետ կապված խնդիրներ ունենք: Շատ դժվար է նրանց  նորից վիճակագրական դաշտ բերել: Վիճակն այս օրերին ավելի բարդ է, քան եղել է անգամ պատերազմից որոշ ժամանակ հետո, որովհետև այսօր բոլոր տնտեսավարող սուբյեկտները նաև իրենց առօրյա տնտեսական գործունեության հարցերով են զբաղված: Շրջափակումը լրացուցիչ բազմաթիվ խնդիրներ է առաջ բերել, և մենք փորձում ենք այս պայմաններում  ռեսպոդենտներին առավելագույնս պահել վիճակագրական դաշտում, որպեսզի հավաքագրվող տվյալները լինեն ամբողջական և արտացոլվեն ավելի արժանահավատ»,-ընդգծել է նա:
Մ. Մինասյանը կարևորել է նաև ծառայության կողմից հրապարակվող ցուցանիշների դինամիկ շարքի ապահովումը: Այդ ցուցանիշները պետք է ունենան որոշակի կայուն պարբերականություն, որպեսզի օգտագործողների համար հեշտ լինի դրանց շարժընթացը դիտարկելն ու գնահատելը:
 
«Այն մարմինները, որոնք այս կամ այն ոլորտում իրականացնում են պետական քաղաքականություն, պետք է ունենան այդ ցուցանիշների դինամիկ շարքերը, որպեսզի նաև իրենց ծրագրերի արդյունավետության տեսանկյունից կարողանան գնահատականներ տալ»,-եզրափակել է ԱՎԾ նախագահը:

  • Կիսվել: