երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի 30 հազար երեխաները չեն կարող լինել որեւէ հակադրության զոհը կամ սակարկությունների հարթակը. Գուրգեն Ներսիսյան

Արցախի 30 հազար երեխաները չեն կարող լինել որեւէ հակադրության զոհը կամ սակարկությունների հարթակը. Գուրգեն Ներսիսյան

Ձեր աչքի առաջ Արցախի ժողովուրդն անցել է ծանրագույն խնդիրների միջով  եւ հիմա այդ խնդիրները ստացել են առավել սուր ու խորացված պատկեր, որն արդեն անհանդուրժելի է: Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, Ստեփանակերտում մեկնարկած համաժողովրդական շարժման ժամանակ հայտարարեց Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ դիմելով ռուս խաղաղապահներին:

«Հետեւաբար, Արցախի ժողովրդի անունից խնդրում եւ պահանջում ենք ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը, ապահովել եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած  պարտականությունների կատարումը, ապաշրջափակել Արցախը Հայաստանին կապող միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ  բեռների անխոչընդոտ ընթացքը: Ստեղծեք Արցախում մարդկանց նորմալ կենսամակարդակն ապահովելու պայմաններ»,-ասաց նա:

Գուրգեն Ներսիսյանը դիմեց նաեւ միջազգային հանրությանը. «Արցախում վիճակը ծանր է եւ ավելի է ծանրանում ժամ առ ժամ: Օրեր անց ունենալու ենք անդառնալի հետեւանքներ:  Արցախի 30 հազար երեխաները չեն կարող լինել որեւէ հակադրության զոհը կամ սակարկությունների առարկա հարթակը: Սա մի խնդիր է, որի լուծման միակ ճանապարհը Արցախում ապրող ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, այդ թվում ինքնորոշման իրավունքը գերակա արժեք ճանաչելն է»,-ընդգծեց նա:

Նշենք, որ Արցախում այսօր՝ հուլիսի 14-ին, մեկնարկել է համաժողովրդական շարժումը. Ստեփանակերտի Վերածննդի հրպարակում հազարավոր արցախցիներ են հավաքվել: Շարժման մեկնարկի մասին նախօրեին հայտարարել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: Հանրահավաքին մասնակցում է նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

  • Կիսվել: