կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արցախցիները փորձադաշտի նյութ չեն, որ նրանց վրա անընդհատ փորձեր արվեն. Գուրգեն Ներսիսյան

Արցախցիները փորձադաշտի նյութ չեն, որ նրանց վրա անընդհատ փորձեր արվեն. Գուրգեն Ներսիսյան

Արցախցիները փորձադաշտի նյութ չեն, որ նրանց վրա անընդհատ փորձեր արվեն: Այս մասին -ի հետ զրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով արցապցիների՝ Արցախ հնարավոր վերադարձի մասին հարցին:

՛՛Ամբողջ աշխարհն էլ հիմա հասկանում է, որ արցախցին չի կարող ապրել ադրբեջանական իշխանության տակ, դա ուղղակի անհնարին է: Տարիներ շարունակ, նաև այսօր աշխարհում խոսում են Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի ու դրանց դատապարտման անհրաժեշտության մասին, դուք պատկերացնո՞ւմ եք ինչ կլինի արցախցիների հետ, երբ նրանք հայտնվեն ադրբեջանական ճիրաններում: Արցախի դեպքում երբ որևէ հարց է հետաքրքրում, պետք է ընդամենը հետադարձ հայացք ձգել դեպի պատմություն և անմիջապես պատասխանը հայտնի կդառնա: Վերջին տասնամյակների պատմությունը պարունակում է Ձեր հարցի պատասխանը, արցախցին կարող է ապրել Արցախում, եթե լինի ինքնիշխան և ադրբեջանական ագրեսիայից պաշտպանված: Այլ բանաձև ուղղակի չկա: Նրանք, ովքեր ունեն այլ կարծիք կամ հիմնավորում, թող օրինական ծառայեն ու գնան Արցախում ապրելու, իսկ մնացածները դրա հիման վրա կորոշեն՛՛,-նշել է նա:

Անդրադառնալով արցախցիների այսօրեական խնդիրներին՝ Ներսիսյանը  նշել է, որ այս պահին արցախցիներին հուզող ամենամեծ խնդիրը բնակարանային ապահովության և զբաղմունքի հարցն է:

՛՛Զբաղմունքի հետ կապված կա չարաշահման դրսևորում երկու կողմում էլ՝ և արցախցիներին աշխատանք առաջարկողների, և պոտենցիալ աշխատողների: Կա տեղեկատվության պակաս, քանզի ինչպես տեսնում եմ, կա կոմունիկացիայի խնդիր, ոչ միշտ է ստացվում հավաքագրել խնդիրները և դրանք ժամանակին ներկայացնել պետական մարմիններին, այդ ընթացքում առաջանում է վակուում, որն իր իրավիճակային ազդեցությունն է ունենում մարդկանց վրա: Մարդիկ ժամանակ առ ժամանակ, ամենատարբեր հարցերի առնչությամբ սթրեսային փուլ են անցնում, այն դեպքում, երբ այդ ամենը կարելի էր շրջանցել, եթե խնդիրը ժամանակին հայտնաբերվեր և դրա առնչությամբ տրվեր պարզաբանում: Վերջերս ՀՀ պետական մարմինների կողմից ավելի հաճախակի են տրվում պարզաբանումներ և անմիջապես նկատվում է դրա ազդեցությունն ու նշանակությունը՛՛,-ասել է նա:

Արցախի նախկին պետնախարարի խոսքով՝ ՀՀ-ից հեռանալու պատճառները տարբեր են, դրանք միայն կապված չեն ընթացիկ խնդիրների հետ:

՛՛Արցախից տեղահանված մարդիկ, ովքեր ՀՀ-ում բնակարան կամ եկամտի աղբյուր չունեն, իսկ այդ վիճակում գտնվողները մեծամասնություն են կազմում, պետք է իրենց ընտանիքի կյանքը սկսեն կառուցել զրոյից, այդ պատճառով ոմանք դա փորձում են անել արտասահմանում, որտեղ ունեն արդեն կայացած բարեկամ կամ ընկեր՛՛,-նշել է Ներսիսյանը:

 

 

  • Կիսվել: