երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արցախցիները երթով շարժվում են դեպի ՌԴ խաղաղապահների անցակետ. նրանք պահանջում են հեռացնել ադրբեջանցիներին Լաչինի միջանցքից

Արցախցիները երթով շարժվում են դեպի ՌԴ խաղաղապահների անցակետ. նրանք պահանջում են հեռացնել ադրբեջանցիներին Լաչինի միջանցքից

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է Արցախի բնակիչները բողոքի ակցիան՝ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող ճանապարհն անհապաղ բացելու պահանջով:

Ինչպես նշեց բողոքի ակցիան նախաձեռնողներից «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը՝ նախ բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվելու են Ստեփանակերտի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու արցախյան պատերազմներում զոհված զինծառայողների հիշատակին, այնուհետև՝ Ստեփանակերտ-Շուշի տանող ճանապարհին տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի անցակետ՝ նրանցից պահանջելու հեռացնել ադրբեջանցիներին Լաչինի միջանցքից:

՛՛Ինչու նրանց հետ, որովհետև ունենք նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարություն, որտեղ կողմերի վրա հստակ պարտականություններ են դրված, և այսօր պարզ երևում է, որ երկու կողմն էլ չեն կատարում կամ չեն կարողանում կատարել իրենց պարտավորությունները: Ադրբեջանը խախտում է հայտարարության 6-րդ դրույթը, Ռուսաստանն էլ ստանձնել է պարտավորություն՝ երաշխավորելու Լաչինի միջանցքի անվտանգությունը, որը չի ապահովում կամ չի կարողանում ապահովել՛՛,- ասաց Պետրոսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ դեկտեմբերի 23-ին, Արցախում ռուս խաղաղապահների հենակետին են մոտեցել ՛՛Վաղվա Արցախ՛՛ կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը և Արցախի մի քանի բնակիչներից բաղկացած նախաձեռնող խումբ։

Ստեփանակերտ-Շուշի տանող ճանապարհին ռուս խաղաղապահ զորակազմի առաջին անցակետում նրանց չեն թույլատրել առաջ շարժվել՝ պատճառաբանելով, որ ներկայում բանակցությունները շարունակվում են ճանապարհը բացելու համար, իսկ նման նախաձեռնությունը ավելի կսրի իրավիճակը:

ԱՀ քաղաքացիները խաղաղապահներին են հանձնել վերջին տարիներին հանքավայրերի բնապահպանական տեսչությունների հետ կապված փաստաթղթերը, խաղաղապահներին հիշեցրել են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը և խնդրել են ապահովել անվտանգ և ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ համաձայն եռակողմ հայտարարության:

Երթի մասնակիցները պահանջել են նաև մինչև դեկտեմբերի 24-ը կամ վերականգնել ճանապարհի բնականոն երթևեկությունը, կամ նրանք կվերադառնան ավելի մեծ խմբով՝ պահանջատեր լինելու ծառացած հումանիտար խնդիրներին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: