կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախցիները անելանելի վիճակում են․ «Ես 8 երեխա ունեմ, բոլորը վարձով են ապրում»

Արցախցիները անելանելի վիճակում են․ «Ես 8 երեխա ունեմ, բոլորը վարձով են ապրում»

Արցախցիները ՀՀ կառավարությունից պահանջում են, որ իրենց հնարավորություն տան բնակարան գնելու։

Արցախցիներից մեկը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ ապրում է 6 հոգանոց ընտանիքում, և սոցիալական ծանր պայմաններից ելնելով ի վիճակի չի լինում բնակարան գնել․

«Արդեն 10-րդ տունն եմ տանում ու գնահատել եմ տալիս, ամեն գնահատելուց գումար եմ մուծում։ Սոցիալապես լավ վիճակում չենք, 6 հոգանոց ընտանիք է, չենք կարողանում անգամ բնակարան գնել։ Պետք է երկու սերտիֆիկատի համար 500 հազար դրամ գումար մուծենք, բայց մենք ի վիճակի չենք, մենք 280 հազար դրամ ենք ամեն ամիս ստանում, որից 200 հազարը գնում է կոմունալին ու վարձին, որտեղի՞ց ես այդ 500 հազար դրամները հավաքեմ, որ կարողանամ կանխավճար տալ տուն գնելու համար։ Մեր պահանջն այն է, որ թույլ տան, որ գոնե կարողանանք 2 սենյականոց բնակարան գնենք։ Օրեցօր գները թանկանում են, ու մենք մնացել ենք առանց տուն։ Արդեն 3 ամիսը լրանում է, բայց տուն չունենք։ Ես 8 երեխա ունեմ, երեխաներս բոլորը վարձով են ապրում։

Վաղը թոռներիս կանչելու են բանակ, չեմ թողնելու, որ գնան, որովհետև որդիներս առաջնագծում են եղել, անունները թնդացել են, իսկ հիմա որ պետությունը մեր համար ոչինչ չի անում, ես ինչո՞ւ պետք է անեմ։ Այսպես շարունակվի, 9 ընտանիք հետս տանելու եմ, թող դատարկվի Հայաստանը»,- նշեց նա։

Քաշաթաղի շրջանի ղեկավար Արմեն Չոմոյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Քաշաթաղի, Շահումյանի, Հադրութի բոլոր շրջանի բնակիչներին կոչ եմ անում, Ձեզ խնդրում եմ, բոլորդ մի մարդու նման եկեք, թե չէ էս կառավարությունը մեզ չի լսում, մեր սխալն էր, որ քիչ մարդ ենք կանչել, հաջորդ ակցիայի օրը մենք լրացուցիչ կհայտարարենք, խնդրում եմ բոլորին ովքեր խնդիրներ ունեն և չեն կարողանում իրենց հարցերը լուծել»։

Քաշաթաղի շրջանի բնակիչ Ժորա Գեւորգյանն ասաց, որ նախորդ ամիս վիրահատության հարցով դիմել է, սակայն մերժում ստացել․ «Կռված տղա եմ, պատերազմի մասնակից, գնացի որ բուժարանից թղթերը վերցնեմ ՝գնամ անվճար վիրահատության ասեցին, որ էդ օրենքը չկա, սկզբից է եղել, ոչ մի թուղթ չտվեցին, ասեցին պետք է գնաս քո փողով վիրահատվես, ոչ տուն ունեմ, ոչ տեղ, երկու անչափահաս երեխա ունեմ , էդ 10մլն-ով ինչ կարամ արնեմ, մենք ով ենք, մենք զրո ենք, մենակ պատերազմի ժամանակ են մեզ հիշում»։

  • Կիսվել: