Արցախցիների բնակվարձի ծրագիրը դադարեցվում է, ինչ խնդիրների առաջ են կանգնելու նրանք. պաշտոնական թվեր, վիճակագրություն, ինչու գոնե ժամանակավորապես չի տրամադրվի 40 հազար դրամը
Պաշտոնական տվյալներով, Արցախի Հանրապետության անկումից հետո՝ 2023 թվականի սեպտեմբերին ՀՀ է բռնի տեղահանվել 115,073 անձ: Մեկ տարուց ավելի ժամանակ է անցել, սակայն Արցախից բռնի տեղահանվածների բնակության և այլ սոցիալական խնդիրները լուծված չեն, փոխարենը կառավարությունը դադարեցնում է բնակարանային վարձի համար նախատեսված՝ 40+10 հազար դրամի չափով աջակցության ծրագիրը:
Tert.am-ը փորձել է պարզել՝ ինչ խնդիրների առաջ կկանգնեն արցախցիներն աջակցության ծրագիրը հանելուց առաջ, պաշտոնական ինչ վիճակագրություն կա նրանց հետ կապված, ինչու չի աշխատում բնակապահովության աջակցության ծրագիրը, ինչու չեն դիմում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար և այլ խնդիրներ՝ կապված նրանց հետ:
Եվ այսպես Tert.am-ը գրավոր հարցումով դիմել է ՀՀ ԱԱԾ՝ պարզելու համար, թե քանի Արցախից բռնի տեղահանված է արտագաղթել այս ընթացքում ՀՀ-ից:
«ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տրամադրած տվյալների համաձայն՝ 2023թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 115,073 անձ: ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն, 14.04.2025 թ դրությամբ, հիշյալ անձանցից 11,403-ը մեկնել է ՀՀ-ից: Ներկայում ՀՀ-ում բնակվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 103,670 քաղաքացի»,- Tert.am-ին հայտնել են ԱԱԾ-ից:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը, ի դեմս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, շրջանառել է Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրեր, որոնց շրջանակում ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար տրամադրում է 3-5 մլն դրամ՝ բնակարան ձեռք բերելու համար: Միևնույն ժամանակ, ծրագրից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիություն ստացած բռնի տեղահանվածները:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության անձնագիր ունեցողներն ի սկզբանե համարվել են ՀՀ քաղաքացիներ, սակայն բռնի տեղահանումից հետո նրանց տրվեց, այսպես ասած, փախստականի կարգավիճակ, և նրանք այլևս ՀՀ քաղաքացի չեն համարվում:
Tert.am-ը գրավոր հարցմամբ դիմել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն պարզելու՝ քանի հավաստագիր են արդեն իսկ ձեռք բերել բռնի տեղահանված մեր հայրենակիցները և քանիսն են իրացվել դրանցից:
«Գործում է ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագիրը, որի շրջանակում հավաստագիր է տրամադրվել 3,946 անձի, որից իրացվել է 3,480-ը:
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանքի բնակապահովման ծրագիրը, որի շրջանակում հավաստագիր է տրամադրվել 865 անձի, որից իրացվել է 63-ը»,- ասված է նախարարության պատասխանում:
Միևնույն ժամանակ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Tert.am-ին հայտնել են, որ այս պահին գործում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը (40+10) և տրամադրման կարգը հաստատելու մասին ծրագիրը (ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1763-Լ որոշում), որի շրջանակում աջակցություն է տրվում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, այլ ոչ թե ընտանիքներին. աջակցություն է ստանում ամսական միջինում շուրջ 105 հազար հայրենակից:
Ուշագրավ է՝ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ ՀՀ-ում ներկայումս բնակվում է 103,670 բռնի տեղահանված քաղաքացի, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նշում է, որ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից օգտվում է շուրջ 105 հազար բռնի տեղահանված:
Իսկ թե ինչ աջակցության ծրագիր կգործի 40+10 հազարի փոխարեն, նախարարությունից հայտնել են. «Տեղեկացնում ենք նաև, որ 2025 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին N 1833-Լ որոշումը, որի շրջանակում նախատեսվում է սոցիալական աջակցություն տրամադրել շուրջ 51,000 անձի»:
Միևնույն ժամանակ նախարարությունից հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքների համար կգործի հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը:
«Դրանով առաջարկվում է դեռևս 2024 թ.-ին սահմանված բոլոր միջոցառումներին զուգահեռ՝ լրացուցիչ միջոցառում ԼՂ բռնի տեղահանված և որոշակի անապահովության շեմ ունեցող ընտանիքների համար։ Անապահովության գնահատման կարգը և այդ համակարգում ընտանիքի կազմի որոշումը իրականացվում է ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն և 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշումներով սահմանված դրույթներով։ Այն ընտանիքները, որոնք հաշվառված կլինեն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և կբավարարեն նախագծով ներկայացված չափանիշներին, կարող են դառնալ այս լրացուցիչ միջոցառման շահառու։ Հասանելի տվյալների վերլուծության արդյունքում գնահատվել է, որ նախագծով առաջարկված անապահովության շեմով ընտանիքների թիվը չի գերազանցի 3,000-ը»,- հայտնել են նախարարությունից:
Քանի որ անընդհատ շահարկվում է, թե արցախցիներ կան, որ այստեղ բնակարաններ ունեն և նրանց տրվում է աջակցություն,Tert.am-ը փորձեց պարզել, թե բռնի տեղահանվածներից քանիսն ունեն տուն և կամ բնակարան ՀՀ-ում, սակայն Կադաստրի կոմիտեցի Tert.am-ին տեղեկացրեցին, որ նման վիճակագրություն չի վարվում:
Տաբեր քննարկումների, հանդիպումների ժամանակ կառավարության տարբեր անդամներ, օրինակ, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը և այլք, նշում են, թե 40+10 հազար աջակցության ծրագիրը հանում են, որ արցախցիները բնակարաններ ձեռք բերեն: Աննա Ժամակոչյանը քննարկումներից մեկի ժամանակ հայտարարեց, թե կան արցախցիներ, որ 5 մլն դրամ աշխատավարձ են ստանում: Նա մասնավորապես հայտարարել էր, թե 7,777 արցախցի ունեն աշխատանք և ստանում են բարձր աշխատավարձ՝ 200 հազարից 5 մլն դրամ:
Tert.am-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից փորձել է հասկանալ, թե ինչ ասել է բարձր աշխատավարձ և քանի՞ արցախցի է բարձր աշխատավարձ ստանում, ինչի մասին մատնանշել էր փոխնախարարը:
ՊԵԿ-ը նախ նշել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում «բարձր աշխատավարձ» հասկացություն սահմանված չէ և ապա տրամադրել է տվյալներ, ըստ որոնց՝ 2025 թ-ի փետրվար ամսվա եկամտային հարկի հաշվարկների արդյունքներով 8,070 Արցախից բռնի տեղահանված անձ ստացել է 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ, իսկ 200 հազար դրամից պակաս աշխատավարձ ստացել են Արցախից տեղահանված 14,041 անձ: 500 հազար դրամ և ավել աշխատավարձ ստացել է Արցախից տեղահանված 1,348 անձ:
«Հարկ է նշել, որ Արցախից տեղահանված ֆիզիկական անձինք, բացի վարձու աշխատող լինելը, հաշվառված են որպես առանձին տնտեսվարող սուբյեկտներ՝ հանդիսանում են անհատ ձեռնարկատեր, կազմակերպության մասնակից և կամ տաքսի ծառայություն մատուցող անձ: ԼՂՀ-ից տեղահանված և ՀՀ-ում վարձու աշխատող հանդիսացող անձանց բաշխվածությունն ըստ ԱՎՈւՄ-ի միջակայքերի՝ 500 հազարից մինչև 1 մլն դրամ՝ 1,052, 1 մլն դրամից ավել մինչև 2 մլն դրամ՝ 245, 2 մլն դրամից ավել մինչև 5 մլն դրամ՝ 49, 5 մլն դրամից ավելի՝ 2»,- հայտնել են ՊԵԿ-ից:
Նշենք նաև, որ արցախցիներին մեղադրում են ՀՀ քաղաքացիություն ձեռք չբերելու մեջ, սակայն ինչպես վերը նշեցինք, նրանք ի սկզբանե ունեցել են ՀՀ քաղաքացիություն: Այդուհանդերձ, արցախցիները դժգոհում են, որ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելիս անձնագրում որպես նրանց ծննդավայր նշվում է Ադրբեջանը: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը, ի դեմս վարչապետի, Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս և հայտարարել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը:
Tert.am-ը դիմել էր ՆԳՆ՝ պարզելու թե ինչո՞ւ են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմած բռնի տեղահանված մեր քաղաքացիների անձնագրում ծննդավայրը նշում Ադրբեջան: ՆԳՆ պարզաբանումը՝ այստեղ:
Փաստացի մայիսի մեկից արդեն իսկ դադարեցվել է բնակարանային վարձի համար տրվող աջակցությունը: Արցախահայերի սոցիալական խնդիրները բարձրաձայնելու և դրանց լուծում տալու համար ստեղծվել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը, որը մի քանի հանդիպումներ է ունեցել փախվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ և մեկ հանդիպում աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանի հետ: Խորհրդի անդամները հանդիպումների ժամանակ նշել են, որ նախ պետք է արցախցիների բնակարանային հարցը լուծեն, հետո աջակցության ծրագիրը հանեն, սակայն կառավարությունը պնդում է՝ 40+10 հազար աջակցություն չի լինելու: Փոխվարչապետի հետ վերջին հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ 2 ամիս կտրամադրեն 40 հազար դրամ յուրաքանչյուր բռնի տեղահանվածի:
Խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ խոստումից հետ է կանգնել կառավարությունը, պայման են դրել՝ Ազատության հրապարակում տեղակայված Խորհրդի վրանը հանել:
Նրա խոսքով՝ ծրագիրը չգործելու դեպքում խնդրի առաջ են կանգնելու արցախցիները: «Դեռևս հունվարին ներկայացրել ենք առաջարկություններ, հանդիպում ենք ունեցել ԱՍՀ փոխնախարար Աննա Ժամակոչյանի հետ ու հիմնավոր փաստարերով ներկայացրել ենք, որ իրենց աջակցության ծրագրերը տապալված են: Բնակարանային ծրագրի վերաբերյալ ենք շատ խոսել: Տեկեկացրել ենք, որ այն արցախցիները, որոնք սև ցուցակում են գտնվում, չեն կարող սերտիֆիկատներն օգտագործեն և այլ բազմաթիվ խնդիրներ»,- ասաց նա:
Իսկանդարյանի խոսքով՝ պատրաստակամություն են հայտնել քննարկել դեռ այն ժամանակվանից սկսած, բայց, ցավոք սրտի, մինչ օրս հարցերի լուծում չի եղել, երեք անգամ էլ հանդիպել են փոխվարչապետի հետ:
«Իրենք հետևյալն են ասել՝ պատրաստակամ ենք քննարկել, եթե վրանը հանեք: Վերջին հանդիպման ժամանակ էլ գրասենյակի պատասխանատուի հետ ենք հանդիպել մեր առաջարկությունները նորից ներկայացրել: Նրանք պնդել են՝ եթե այս ձևաչափով եք շարունակելու, մենք երկու ամիսը չենք երկարաձգելու, այսինքն այդ 40 հազար դրամներն էլ հիմա չեն լինելու: Նրանք հիմնավորում են, թե վրանը պահում ենք:
Մենք ներկայացրել ենք, որ վրանը կապ չունի, դա արցախցիների հետ հանդիպման համար է: Փաստացի ունենք իրավիճակ՝ մեկ ամիս է՝ փաստացի այստեղ ենք ու շոշափելի արդյունքներ չունենք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան՝ արցախցիները դժգոհում են, որ խնդիրներ են առաջանում նույնիսկ նոր ծրագրին դիմելու համար, նա ասաց. «Երբ փոխվարչապետին ներկայացրել ենք, որ նույնիսկ ծրագրերին դիմելուց է խնդիրներ առաջանում, ծրագիրը խճճված է, կոռուպցիոն ռիսկեր էլ է իր մեջ պարուանկում, նրանք ասել են՝ քննարկենք: Մենք ասում ենք՝ արդեն դուք ունեք կառավարության կողմից որոշում, ճիշտ չի քննարկելը, եկեք ողջամիտ ժամկետով երկարացնենք այս աջակցության ծրագրերը, ու մենք պատրաստ ենք կամավորության սկզբունքով ձեզ հետ աշխատանենք խնդիրները միասին հայտնաբերենք, փորձենք լուծում գտնել»:
Իսկանդարյանը նշեց՝ չգիտի, թե զուգահեռ կառավարությունն ինչ է անում: «Որոշակի բաներ կան, որ մեզ համար հասկանալի են, որ չէի ցանկանա փակագծերը բացել, բայց այն, որ իրենք նստած չեն սպասում, դա հաստատ է: Չեն փորձում խնդիրնեը լուծեն, դա տարօրինակ է»,- ասաց նա:
Ինչ խնդիրների առաջ են կանգնելու արցախցիները բնակվարձի աջակցության ծրագրի դադարեցումից հետո հայտնի կլինի առաջիկայում: Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը նորից առաջարկություններ է ներկայացնելու կառավարությանը և մոտակա օրերս հայտարարությամբ է հանդես գալու: