հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախցի տասնյակից ավելի դպրոցականներ շարունակում են մնալ Գորիսում՝ տուն վերադառնալու սպասումով

Արցախցի տասնյակից ավելի դպրոցականներ շարունակում են մնալ Գորիսում՝ տուն վերադառնալու սպասումով

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին փակելու պատճառով արցախցի տասնյակից ավելի դպրոցականներ չեն կարողացել վերադառնալ Արցախ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի խորհրդական Աիդա Գյանջումյանը, ով ուղեկցում էր դպրոցականներին, տեղեկացրել է, որ այս օրերին հաստատվել են Գորիսի հյուրանոցներից մեկում:

«Հյուրանոցի տնօրինությունն անում է ամեն ինչ, որպեսզի երեխաներն իրենց ազատ ու անկաշկանդ զգան: Ինքս, որպես հոգեբան, երեխաների հետ պարբերաբար անց եմ կացնում զրույցներ, փորձում եմ այնպես անել, որպեսզի չընկճվեն: Նրանք կապ են պահում ծնողների հետ, նույնիսկ իրենք են հույս տալիս նրանց, որ ամեն բան լավ է լինելու»,-ասել է Ա. Գյանջումյանը: Նախարարի խորհրդականը նշել է,որ այս օրերին դպրոցականների առօրյան հագեցած է անցնում: Այցելել են Ակսել Բակունցի տուն-թանգարան, մասնակցել Հայաստանի Ամերիկյան համալսարանի Գորիսի մասնաճյուղի կողմից կազմակերպված խաղերին: 

«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեից  են երկու անգամ այցելել մեզ, երեխաների համար խաղեր կազմակերպել, նվերներ հանձնել: Շրջայց ենք կատարել Գորիս քաղաքում, այցելել տեսարժան վայրեր: Տեղի դպրոցականները մեր երեխաների համար համերգ են կազմակերպել: Հանդիպում ենք ունեցել նաև ԵՄ դիտորդների հետ, և բավականին հետաքրքիր ու կարևոր հարցադրումներ են կատարել երեխաները»,-հավելել է նա՝ նշելով, որ երեխաները հույսով սպասում են  րոպե առաջ տուն՝ Արցախ վերադառնալուն:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: