ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախցի գրողը միջազգային գրական մրցույթի դափնեկիր է դարձել

Արցախցի գրողը միջազգային գրական մրցույթի դափնեկիր է դարձել

Արցախցի արձակագիր, լրագրող Աշոտ Բեգլարյանը «Մեծ Ուխտավորը` Երիտասարդներին» միջազգային հիմնադրամի Փառքի ակումբի 27 համարային մրցույթի դափնեկիր է դարձել։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ 44-օրյա պատերազմի մասին Աշոտ Բեգլարյանի «Թողնված գնդակը» պատմվածքը միջազգային մրցույթում գրավել է երկրորդ տեղը։
 
Մեզ հետ զրույցում արձակագիրը նշել է, որ պատմվածքը ոչ թե մարտական գործողությունների, այլ պատերազմական պայմաններում մարդկային հոգեբանական ապրումների մասին է՝ փիլիսոփայական եզրակացություններով։
 
«Մրցույթը կայացել է Մոսկվա քաղաքում, ներկայացվել է տարբեր երկրների հեղինակների 53 գեղարվեստական գործ: Մասնակցել են միայն նախորդ մրցույթներում հաղթած հեղինակները, ինչը մրցույթը դարձնում ավելի ծանրակշիռ»,-ասել է Ա. Բեգլարյանը:
 
Մրցույթին մասնակցելու հանգամանքը նա կարևորում է միջազգային ասպարեզում հերթական անգամ Արցախը պատշաճորեն ներկայացնելու տեսանկյունից։
 
Միջազգային ասպարեզում տասնյակից ավելի մրցանակների արժանացած արցախցի գրողն անկեղծանում է. « Մրցանակներն ինքնանպատակ չեն՝ գլխավորն աշխարհին Արցախի մասին ճշմարտությունը ներկայացնելն է»:
 
Չնայած Ա. Բեգլարյանը խոստովանում է, որ իր գրական թեմայի հիմնական ուղղվածությունը պատերազմն է, բայց չի սահմանափակվում միայն դրանով։
 
«Գրողը միշտ պետք է կատարելագործվի, միշտ պետք է ձգտի դեպի գեղեցիկը, լավը, բարին, դեպի Աստված։ Դա անվերջ գործընթաց է»,-ընգծել է նա՝ տեղեկացնելով, որ շուտով ընթերցողի սեղանին է դնելու «Կորցրած արևի նարինջը» վեպը՝ Հայրենական մեծ պատերազմի մասին, որի ընթացքում անհետ կորել է իր պապը: Գրքում կներկայացվեն նաև Արցախյան պատերազմները, որոնց մասնակցել է հեղինակը։
 
Մեր զրուցակցի խոսքով՝ իրավիճակից ելնելով, ձգտում է նաև որպես լրագրող, հրապարախոս, անդրադառնալ Ադրբեջանի ապատեղեկատվություններին և փաստերով ներկայացնել միջազգային հանրությանը իրականությունն Արցախում և նրա շուրջ:
 
«Այսօր լրանում է Արցախի 120․000 բնակչության հանդեպ իրականացվող հանցագործության 100-րդ օրը։ Տարբեր մտացածին պատճառներով Ադրբեջանն ահաբեկչական գործողություններ է իրականացնում Արցախի ժողովրդի դեմ։ Պարզ են նրա նպատակները՝ էթնիկ զտում, հերթական ոճրագործություն հայերի դեմ: Ադրբեջանը պետք է անհապաղ կատարի Միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքի՝ «կյանքի ճանապարհի» վերաբերյալ և նստի իրական բանակցությունների սեղանի շուրջ», -եզրափակել է արձակագիրը:

  • Կիսվել: