Արցախ Միության պատվիրակությունը ԵԽ պատգամավոր Մարինա Մեզյուրին է ներկայացրել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Հուլիսի 15-ին Երևանում Արցախ Միության պատվիրակությունը հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Մեզյուրի հետ՝ ներկայացնելու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բռնի տեղահանված ժողովրդի դեմ տեղի ունեցած հանցագործությունները և իրավունքների վերականգնման հիմնական առաջնահերթությունները: Դրանք ներառում են Բաքվում պահվող հայ պատանդների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը, արցախյան հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությունը և իրենց հայրենիքից բռնի վտարված շուրջ 150000 անձանց անվտանգ, արժանապատիվ ու հավաքական վերադարձի իրավունքի իրացումը: Հայտնում նեն միությունից։
Կազմակերպությունը ներկայացրել են Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը և գործադիր խորհրդի անդամ, արտաքին կապերի աշխատանքային խմբի ղեկավար Արմինե Ալեքսանյանը: Պատվիրակությունը տիկին Մեզյուրին է փոխանցել 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայի և դրան հաջորդած զանգվածային բռնի տեղահանության, ինչպես նաև Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների այլ խախտումների վերաբերյալ առաջին ձեռքից վկայություններ:
Պատվիրակությունը ներկայացրել է, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար անազատության մեջ պահել Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության մի խումբ ներկայացուցիչների և այլ հայ գերիների: Նրանց նկատմամբ իրականացվում են շինծու դատավարություններ, որոնք Եվրախորհրդարանը, «Amnesty International»-ը և անկախ դիտորդները հետևողականորեն դատապարտել են որպես քաղաքականապես մոտիվացված և արդար դատաքննության որևէ չափանիշից զուրկ գործընթացներ:
«Այս անձինք պատանդներ են, այլ ոչ թե մեղադրյալներ: Եվրոպան պետք է նրանց ազատ արձակումը դիտարկի որպես Բաքվի հետ հարաբերությունների պարտադիր նախապայման, այլ ոչ թե էներգետիկ շահերի ստվերում մղված երկրորդական հարց»,- հանդիպման ժամանակ շեշտել է Արմինե Ալեքսանյանը:
Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել Արցախի ողջ տարածքում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ճակատագրին: Դարավոր եկեղեցիները, վանքերը, խաչքարերն ու գերեզմանատներն այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Դրանք ենթարկվում են ոչ միայն ֆիզիկական ոչնչացման, այլև պետականորեն հովանավորվող համակարգված կեղծարարության՝ ծագումնաբանությունը խեղաթյուրելու նպատակով: Արցախ Միությունը զգուշացրել է տիկին Մեզյուրին, որ մշակութային այս ցեղասպանությունն անբաժանելի է բուն ժողովրդի էթնիկ զտման շարունակական քաղաքականությունից. յուրաքանչյուր ավերված եկեղեցի և կեղծված արձանագրություն նպատակ ունի իսպառ բացառել բնիկ ժողովրդի վերադարձի որևէ հնարավորություն:
Պատվիրակությունը լուրջ մտահոգություն է հայտնել ՀՀ իշխանությունների և միջազգային միջնորդների կողմից առաջ մղվող այսպես կոչված «խաղաղության օրակարգի» վերաբերյալ՝ մատնանշելով Արցախի տեղահանված ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանության աղաղակող անտեսումը:
«Բանակցային փաստաթղթերը չեն պարունակում որևէ դրույթ արցախցիների հավաքական վերադարձի և նրանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ինչն ուղղակիորեն Հայաստանի կառավարության անգործության արդյունք է»,- նշել է Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը: «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների անտեսման և լռության վրա կառուցված որևէ կարգավորում չի կարող տարածաշրջանում բերել կայուն ու արդար խաղաղություն: Մենք վերահաստատում ենք մեր վերադարձի ու այլ հիմնարար իրավունքների իրացման և արդարադատության հասնելու մեր վճռականությունը՝ օգտագործելով բոլոր հասանելի իրավական ու քաղաքական ճանապարհները»:
Մարինա Մեզյուրը հանդիպման ժամանակ ընդգծել է իր շարունակական հոգածությունը Արցախի ժողովրդի իրավունքների հանդեպ՝ խոստանալով բոլոր հնարավոր մեխանիզմները կիրառել վերհանված հարցերի բարձրաձայնման և ԵԽ համապատասխան բանաձևերի կատարման ուղղությամբ: Նա շեշտադրել է, որ Արցախի ժողովրդի էթնիկ զտումը չի կարող հանդուրժվել քաղաքակիրթ Եվրոպայի կողմից, իսկ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի դրա համար:
Հանդիպման արդյունքներով՝ տիկին Մեզյուրը գրավոր հարցում է ուղարկել Եվրոպական հանձնաժողովին՝ տեղահանված հայերի անվտանգ և անխոչընդոտ վերադարձի իրավունքի իրացման պահանջով՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի պարտադիր կատարման ենթակա որոշումը: Նա նաև բարձրացրել է այն հարցը, թե մարդու իրավունքների այս հիմնարար պարտավորությունն ինչ դեր պետք է ունենա Ադրբեջանի հետ ԵՄ քաղաքական և տնտեսական հարաբերություններում: Հետագայում տիկին Մեզյուրն այս գրավոր հարցումը հրապարակել է իր պաշտոնական սոցիալական հարթակներում՝ խնդրի շուրջ լայն իրազեկվածություն ապահովելու նպատակով:
Արցախ Միությունը բարձր է գնահատում տիկին Մեզյուրի օպերատիվ արձագանքն ու անկեղծ հանձնառությունը՝ պաշտպանելու բռնի տեղահանված բնակչության իրավունքները: Կազմակերպությունը հաստատակամ է շարունակել տիկին Մեզյուրի գրասենյակին տրամադրել մշակութային վանդալիզմի և էթնիկ զտումների վերաբերյալ փաստագրված ապացույցներ ու իրավական վերլուծություններ՝ երաշխավորելու համար, որ եվրոպական կառույցներն առաջնորդվում են ոչ թե Բաքվի կեղծ հավաստիացումներով, այլ հաստատված փաստերով և միջազգային իրավունքի նորմերով:



