չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Ապագա Հայկական»-ի հետ համատեղ Արցախում լուծում կտրվի բազում խնդիրների․ Բեգլարյան

«Ապագա Հայկական»-ի հետ համատեղ Արցախում լուծում կտրվի բազում խնդիրների․ Բեգլարյան

«Ապագա Հայկական» նախաձեռնության առաջին միջոցառումը տեղի է ունեցել Արցախում: Եվ՛ խորհրդանշական, և՛ կիրառական տեսանկյունից սա կարևոր էր մեզ համար՝ ոչ միայն Արցախի, այլ ամբողջ հայության շրջանում: 

Ապագա Հայկականի Համաժողովի մեկնարկի միջոցառման ժամանակ այս մասին ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

Վերջինս համոզված է, որ առաջիկա տարիներին «Ապագա Հայկական» նախաձեռնության հետ համատեղ լուծում կտան բազում խնդիրների:

«Արդյունավետ էր ձևաչափի տեսանկյունից, որ ներառական մեթոդաբանություն էր ընտրված և հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչներ  տարբեր  տարիքային, սեռային, սոցիալական և այլ չափանիշերի  հիման վրա ներկայացված էին և հնարավորություն ունեին ազատորեն իրենց կարծիքը արտահայտել իրավիճակի և ապագա լուծումների հետ կապված»,-ասաց Բեգլարյանը:

Ըստ նրա՝ կարևոր և արդյունավետ էր, որ թեման ընտրվել էր հենց ժողովրդագրությունը, քանի որ հայկական Արցախի երկարաժամկետ ապագայի տեսանկյունից ժողովրդագրությունը ամենակարևոր հենասյուներից մեկն է: «Եվ կարող եմ ասել, որ անվտանգությունից հետո այն երևի թե երկրորդ կարևորությունն ունի»,-հավելեց պետական նախարարը:

 «Ապագա Հայկական»-ի միջոցառումը Արցախում կազմակերպվել է Արցախի կառավարության հետ համատեղ: «Շատ ուրախ ու շնորհակալ ենք, որ «Ապագա Հայկական»-ի հետ միասին բավականին լուրջ համագործակցություն ունենք և համոզված եմ, որ առաջիկա տարիներին համատեղ կկարողանանք բազում խնդիրների լուծում տալ»,-ասաց Բեգլարյանը:

Հարցին, թե ի՞նչ խնդիրներ կան և ինչ լուծումներ է ցանկանում տեսնել Արցախի հասարակությունը՝ Բեգլարյանը պատասխանեց, որ գլխավոր  խնդիրը անվտանգությունն է: «Խոշոր հաշվով, արցախցիներին հուզող հարցը երկարաժամկետ անորոշությունն  է, թե ինչպե՞ս կարող ենք հաղթահարել անորոշությունը: Եվ  այստեղ, իմ կարծիքով, մեր անելիքն այն է, որ անկեղծ զրույցով, վստահության հիման վրա ձևավորված հաղորդակցությամբ բացատրենք, որ ամեն ինչ այս պահին կանխատեսելի չէ, բայց շատ բան մեր այսօրվա ու վաղվա գործողություններից է կախված: Այստեղ ես շատ եմ կարևորում գաղափարական աշխատանքը և Արցախում, և ընդհանրապես ամբողջ հայության մեջ: Հայաստանի և ամբողջ հայության համար Արցախը բացառիկ նշանակություն ունի, և կարծում եմ, որ այստեղ մենք համատեղ ուժերով կարող ենք և գաղափարախոսական հիմքը ապահովել, և դրա հիման վրա անվտանգային, ժողովրդագրական սոցիալ-տնտեսական և մնացած բոլոր ոլորտներում երկարաժամկետ հաջողություն ապահովել»,-ասաց Բեգլարյանը՝ ընդգծելով, որ, սակայն, սա համազգային ներառական գործընթաց և ջանքեր է ենթադրում:   

  • Կիսվել: