երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Անընդունելի են բոլոր փաստաթղթերը, որոնք հաշվի չեն առնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար

Անընդունելի են բոլոր փաստաթղթերը, որոնք հաշվի չեն առնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար

Այսօրվա բոլոր ջանքերն ուղղված են արցախցու ձայնը միջազգային հանրությանը հասցնելու, որպես ուղերձ, որ Արցախը հայկական է, այստեղ ապրում են հայեր և այն բոլոր փաստաթղթերը, որոնք պետք է քննարկվեն առանց արցախահայության ինքնորոշման իրավունքի, արցախցիների համար անընդունելի են: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:

«Գերտերություններն իրենց ծրագրերն ունեն Արցախի մասով: Այսօր մենք պետք է պահանջատեր լինենք, պահանջենք, որ հաշվի առնվի արցախահայության ձայնը և երկակի ստանդարտներ չկիրառեն և չփորձեն մեր հաշվին այլ երկրի շահերն առաջ տանել: Այսօրվա բազմահազարանոց հանրահավաքն ու Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի հայտարարությունն հենց այս կոնտեքստում պետք է դիտարկել, ինչպես նաև՝ արցախահայության պահանջներն ու խնդիրները ներկայացնելու»,-հավելել է Դ. Գալստյանը՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը և Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի դերակատարները պարտավոր են հաշվի առնել և առաջ տանել արցախցիների՝ ինքնորոշման իրավունքի պահանջները:

  • Կիսվել: