կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ամենածանր թեմաներից մեկը վերաբերում է Պաշտպանության բանակին․ Արայիկ Հարությունյան

Ամենածանր թեմաներից մեկը վերաբերում է Պաշտպանության բանակին․ Արայիկ Հարությունյան

Հունիսի 29-ին Արցախի Ազգային ժողովի նիստին նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրեց 2022-ի իր գործունեության միջոցառումների արդյունքները և 2023-ի գործունեության միջոցառումների ծրագիրը, հայտնում է ՍիվիլՆեթը։

Ամենածանր թեմաներից մեկը վերաբերում է Ղարաբաղի անվտանգությանը՝ Պաշտպանության բանակին:

Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը հարցրեց, թե ստեղծված վիճակում արդյոք բավարար է գնահատում հայկական կողմի՝ արցախյան և հայաստանյան իշխանությունների կատարած աշխատանքները միջազգային հարթակներում․ «Արդյոք Հայաստանի իշխանությունն այսօր չի՞ կարող դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ Հաագայի դատարանի վճիռը գործնականում կատարելու և, կա՞ արդյոք երկխոսություն Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև՝ այդ հարցը տանելու Անվտանգության խորհրդի հարթակ»։

Նախագահն առաջարկեց մի ձևաչափ, որին կմասնակցի Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը․ «Ինձ հետ կամ առանց ինձ, ուղիղ կապով կարող է ներկայացնել ամենօրյա աշխատանքները, դրանք բավարար են թե չէ, արդեն Դուք կգնահատեք»։

Հարությունյանը նաև ասաց, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների (հունիսի 27-29-ի) հանդիպմանը քննարկվող ամենածանր թեմաներց մեկը վերաբերում է Ղարաբաղի անվտանգությանը՝ Պաշտպանության բանակին և այլն․ «Դրա համար եմ նպատակահարմար համարում արտաքին գործերի նախարարի հետ ժամանակ գտնել, կազմակերպել փակ հանդիպում»։

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների հետ գործածկցությանը, Արցախի նախագահն ասաց, որ ամեն օր շփումներ կան, կան նաև խնդիրներ, ինչը նման ձևաչափով պետք չէ քննարկել։

 

  • Կիսվել: