շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ամեն մեկը 5 հատ տուն ունի, հյուրանոց ունի, բայց մարդիկ դպրոցներում են քնում. թող տեղավորեն. արցախցին՝ ԱՀ ղեկավարությանը

Ամեն մեկը 5 հատ տուն ունի, հյուրանոց ունի, բայց մարդիկ դպրոցներում են քնում. թող տեղավորեն. արցախցին՝ ԱՀ ղեկավարությանը

Վիրավորներ կան, զոհվածների ընտանիքներ կան, որ մինչեւ հիմա դրսում են, մարդիկ կան, որ դպրոցներում ու մանկապարտեզներում են քնում: Այս մասին այսօր Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախից տեղահանված մի տղամարդ:

«Մեր պահանջն այն է, որ օգնեն, այդ ժողովրդին տեղավորեն: մենք ուրիշ խնդիր չունենք: Որ իրենց հյուրանոցներն են, ամեն մարդ 5 հատ տուն ունի, բայց մարդիկ էլ դրսում են քնում: Մեր խնդիրն այն է, որ էդ տղաներին տեղավորեն: Սահման պահող տղերք են, վիրավորներ, զոհվածներ: Անձամբ ես տուն ունեմ, տեղավորված եմ: Իսկ մեզ ասում են՝ պետք է օրենքով դատարան տաք, էս անեք, էն անեք: Դա ինձ համար բավարար չի»,-ասաց նա:

Նա նշեց, որ Շահրամանյանի հետ հանդիպումից այդքան էլ գոհ չեն, քանի որ այդպես էլ իրենց հուզող հարցերի պատասխանները չեն ստացել։

Մեկ այլ արցախցի էլ հավելեց, որ իրենց հուզող հարցերից մեկն էլ աշխատավարձերն են, որոնց վերաբերյալ դարձյալ հանդիպմանը հստակ պատասխաններ չեն հնչեցվել։

«Շահրամանյանն ասաց, որ ՀՀ կառավարությունը սառեցրել 1 Արցախի բյուջեն, չի լինում վճարներ անել»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ  մի խումբ արցախցիներ Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց ակցիա են իրականացնում վաղ առավոտից՝ բողոքում են Արցախի պետհիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը տրամադրելը դադարեցնելու որոշման դեմ։

  • Կիսվել: