կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ամեն գնով շարունակելու ենք պայքարը հանուն Արցախի պետականության պահպանման ու հզորացման․ Դավիթ Իշխանյան

Ամեն գնով շարունակելու ենք պայքարը հանուն Արցախի պետականության պահպանման ու հզորացման․ Դավիթ Իշխանյան

Արցախի Ազգային ժողովի նիստում այսօր՝ օգոստոսի 7-ին, նախքան նստաշրջանի աշխատանքներին անցնելը՝ ԱԺ նախկին նախագահին ուղղված երախտիքի խոսքով հանդես է եկել ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի խորհրդրարանից։

«Ավելի քան 25-ամյա,որից 5-ը խորհրդարանի ղեկավարի պաշտոնում, հարուստ խորհրդարանական կենսագրություն ունեցող պետական եւ քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանն անմնացորդ նվիրումով, ժողովրդանպաստ նախաձեռնություններով զգալի ներդրում է ունեցել ԱՀ Ազգային ժողովի պատմության մեջ»,- ընդգծել է Գագիկ Բաղունցը՝ հավատացած լինելով, որ Արթուր Թովմասյանն իր խորհրդարանական դիվանագիտության մեջ ունեցած փորձով կնպաստի ԱՀ ԱԺ հետագա պատմության կերտման գործընթացին եւս:

«ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված կարգով «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Ռուբենի Իշխանյանի թեկնածությունը:

Արտահերթ ելույթի իրավունքով հանդես է եկել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Բարձր գնահատելով Արթուր Թովմասյանի վաստակը Արցախի պետականաշինության գործում՝ նախագահը հույս է հայտնել, որ պարոն Թովմասյանը կշարունակի իր ակտիվ քաղաքական գործունեությունը:

Անդրադառնալով ԱԺ նոր նախագահի ընտրությանը եւ թեկնածուի անցած ուղուն՝ Արայիկ Հարությունյանն ասել է.«Անկախ իր կուսակցական պատկանելիությունից՝ Դավիթ Իշխանյանն այնպիսի քաղաքական եւ պետական ճանապարհ է անցել, այնպիսի փորձ ու հարգանք է վաստակել, որոնք արդեն իրեն դարձնում են արժանի թեկնածու Ազգային ժողովի նախագահի համար»:

Այնուհետեւ ԱԺ նախագահի թեկնածուին ներկայացրել է ԱԺ «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, որին հաջորդել է թեկնածուի ելույթը:

«Բոլորս խորը գիտակցումով ենք գնացել այս քայլին՝ հասկանալով, որ ոչ թե դասական պայմաններում խորհրդարանի ղեկավար կազմ ընտրելու գործընթաց է տեղի ունենում, այլ արտակարգ իրավիճակում է այս որոշումը կայացվում», - ասել է Դավիթ Իշխանյանը ՝ շնորհակալություն հայտնելով մեր երկրի համար այս ծանր օրերին նման պատասխանատու պաշտոնում իր թեկնածությունը առաջադրելու համար:

Իր խոսքում Դավիթ Իշխանյանը կարեւորել է հատկապես քաղաքական առողջ ուժերի համախմբվածությունը, պետություն –եկեղեցի համագործակցությունը, միջխորհրդարանական հարաբերությունների եւ եռամիասնության վերականգնումը:

«Մեր քաղաքական կեցվածքը պետք է ուղղված լինի կամուրջներ կառուցելուն, խուսափելով ապակառուցողական դրսեւորումներից», - նշել է թեկնածուն:

Ամփոփելով ելույթը ՝ ԱԺ նախագահի թեկնածուն հայտարարել է.« Իմ խոնարհումն ու հարգանքը մատուցելով յուրաքանչյուր քաղաքացու այս բարձր ամբիոնից ուզում եմ հայտարարել՝ ամեն գնով շարունակելու ենք պայքարը հանուն Արցախի պետականության պահպանման ու հզորացման»:

Թեկնածուին հարցեր առաջադրելուց հետո մտքերի փոխանակությամբ հանդես են եկել պատգամավորներ Մարսել Պետրոսյանը, Դավիթ Մելքումյանը, Մետաքսե Հակոբյանը եւ Վահրամ Բալայանը: ԱԺԿ, Արցախի «Արդարություն » եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները իրենց ելույթներում դրական տեսակետ են հայտնել ԱԺ նախագահի թեկնածուի հանդեպ, իսկ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավարը նման որոշումը քաղաքական է որակել, որն ըստ պատգամավորի ՝ ոչ միայն վտանգավոր է, այլեւ հղի է անսպասելի երեւույթներով:

Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանի եւ «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի եզրափակիչ ելույթներից հետո խորհրդարանն անցել է փակ գաղտնի քվեարկության, որի արդյունքներով 22 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱՀ ԱԺ նախագահ է ընտրվել Դավիթ Իշխանյանը:

Նստաշրջանն ամփոփվել է Աժ նորընտիր նախագահի շնորհակալական խոսքով:

  • Կիսվել: