չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ամարասում «Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գտնվելու» տոնի առթիվ պատարագ է մատուցվել

Ամարասում «Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գտնվելու» տոնի առթիվ պատարագ է մատուցվել

Այսօր` հուլիսի 2-ին, Հայ Առաքելական եկեղեցին տոնում է «Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գտնվելու» տոնը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` տոնի առթիվ` Ամարասի վանական համալիրում Ճարտարի Սուրբ Վարդան եկեղեցու քահանա Տեր Մխիթար Հարոյանի ձեռամբ պատարագ է մատուցվել: Պատարագին մասնակցում էին եկեղեցու բազմաթիվ հավատավորներ, ովքեր սուրբ վանքում աղոթք են հղել առ Աստված և սուրբ հաղորդություն ստացել:
Հայ Առաքելական եկեղեցու կիսասարկավագ Արմեն Հարեյանը մեզ հետ զրույցում ասել է,որ Հայոց Հայրապետ Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներին թողեց կաթողիկոսական գահը և գնաց Մանյա այր կոչվող քարայրում ճգնելու: Սուրբ Գրիգոր Լուսավորչի մահանալուց հետո այդ վայրում գտնվող հովիվները նրան քարերով ծածկեցին:Երկար տարիներ հետո Գառնիկ անունով մի ճգնավորի տեսիլ երևաց, որ Ամարասի վանական համալիրում են ամփոփված Գրիգոր Լուսավորչի մասունքները: Նա գալիս է, վերցնում այդ մասունքները, տանում այլ վայր,հետո կրկին բերում և ամփոփում վանքում:
 
«Երբ Հայ Առաքելական եկեղեցին մեռոն է պատրաստում, խառնում են Գրիգոր Լուսավորչի Աջով, և այդ ձևով շարունակականությունը պահպանվում է: Այդ է այսօրվա խորհուրդը: Մենք հիշում ենք մեր անցյալը, մեր պատմությունը, բայց կարևորն այն է, որ մենք տեսնենք, թե սուրբ մարդիկ ինչ են արել մեր ազգի համար, ինչպես են մոտեցել Աստծուն, ինչպես են ճգնել սրբության մեջ: Եվ դա օրինակ ու հիշեցում է մեզ համար, որ մենք էլ այսօր պետք է այդ սրբությամբ ապրենք մեր կյանքը` սիրենք Աստծուն, սիրենք մերձավորին, և այն ամենը, ինչ բխում է դրանից` չատել, ուրիշի ունեցվածքին աչք չդնել, այլ կարեկցանք ունենալ մարդկանց նկատմամբ, հոգատար լինել: Երբ այս ամենն անենք, մեր կյանքում մեծ փոփոխություններ կլինեն, որովհետև Աստված լսում է այդպիսի մարդկանց աղոթքը: Մենք կոչված ենք սուրբ կյանք ապրելու,և այս տոները, եկեղեցական արարողությունները մեզ հիշեցնում են դրա մասին»,-մասնավորապես ասել է Հայ Առաքելական եկեղեցու կիսասարկավագ Արմեն Հարեյանը' ավելացնելով, որ դարձով և ապաշխարությամբ պետք է մաքրել անձերը ատելությունից ու չարությունից եւ այն ամենից, որ կուտակվում է դրանց հետեւանքով։ Ըստ հոգեւոր հոր' դրանք հեռացնելով մարդը երջանկություն կզգա, շուրջբոլորը լույս կտարածվի։

«Մաքրվելով պետք է ոտքի կանգնենք,և Աստված օգնում է այդ գործում»,- ընդհանրացրել է հոգեւորականը։
 

  • Կիսվել: