չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԱԻՊԾ սակրավորները հայտնաբերել և ոչնչացրել են ավելի քան 80 միավոր տարբեր տեսակի ռազմամթերք

ԱԻՊԾ սակրավորները հայտնաբերել և ոչնչացրել են ավելի քան 80 միավոր տարբեր տեսակի ռազմամթերք

Հոկտեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն նվազել է ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցված զանգերի՝ միաժամանակ դեպքերի ու պատահարների թիվը:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ հրդեհի վերաբերյալ ստացվել է 11 ահազանգ, որից 10-ը բռնկվել է չոր խոտածածկույթներում և աղբանոցներում, մեկը՝ Շուշիի շրջանի Հին շեն գյուղի բնակչին պատկանող անասնագոմում: Հրշեջ փրկարարները մեկուսացրել են կրակը, չեզոքացրել հրդեհային վտանգները:

Հոկտեմբերի 21-ին Ստեփանակերտում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքով բնակիչները դիմել են փրկարարների օգնությանը: Տուժել է մեկ քաղաքացի: Վերջինս տեղափոխվել է բուժհաստատություն: Հետագա վտանգները կանխելու համար փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել վթարի տարածքը։

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում արձագանքել են ստացված կենցաղային բնույթի 12 կանչերին՝ կատարելով փակված 4 դռան, 2 վերելակի բացում: Առողջական խնդիր ունեցող 1 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է բժշկական հաստատություն: Բնակչությանը տեխնիկական օգնություն ցուցաբերելու և ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 5 ելք:

Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Անցած շաբաթվա ընթացքում հետախուզական աշխատանքներ կատարելու նպատակով կատարվել է 4 ելք: Հայտնաբերվել և ոչնչացվել է 81 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

Կատարված աշխատանքին զուգահեռ, ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումներն իրականացնում են ՆԳ նախարարի կարգադրություններով ու ծառայության տնօրենի հրամաններով նախատեսված տարվա պլանային բոլոր միջացառումները, ուսումնական պարապմունքերն ու որակավորման դասընթացները, որոնք միտված են բարձրացնելու ԱԻ ծառայողների մասնագիտական ունակությունները:

  • Կիսվել: