ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՀ գլխավոր դատախազը շնորհավորական ուղերձ է հղել ԱԻ պետական ծառայողի մասնագիտական օրվա առթիվ

ԱՀ գլխավոր դատախազը շնորհավորական ուղերձ է հղել ԱԻ պետական ծառայողի մասնագիտական օրվա առթիվ

ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը շնորհավորական ուղերձ է հղել արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցների մասնագիտական օրվա առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգարժան Կարեն Գրիգորի, հարգելի Մեխակ Ալեքսեյի և Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության հարգելի ծառայողներ
 
Արցախի Հանրապետության դատախազության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ արտակարգ իրավիճակների պետական ծառայողի մասնագիտական տոն օրվա կապակցությամբ:
 
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պետական այն բացառիկ մարմիններից է, որը տարիների փորձությունների հերոսական հաղթահարմամբ, քրտնաջան ու համբերատար աշխատանքով ձեռք է բերել ու վայելում է արցախցու հարգանքը, սերն ու վստահությունը։ Մենք բոլորս գրեթե ամեն օր ականատեսն ենք այն հերոսական ու անձնուրաց ծառայության, որը համակարգի կողմից մատուցվում է արցախցուն պատուհասած արտակարգ իրադրության, նրա կյանքին ու առողջությանը սպառնացող ցանկացած վտանգի դեպքում։ Ձեր նվիրական աշխատանքի շնորհիվ է նաև, որ առաջին իսկ վտանգի դեպքում արցախցին զգում է պետության հոգատարությունը, աջակցությունն ու վերաբերմունքը:
 
2020թ. 44-օրյա արհավիրքին և դրանից հետո արտակարգ իրավիճակների պետական ծառայության հերոսամարտիկները դարձել էին քաղաքացիական բնակչության կենդանի պաշտպանիչ վահան` առանց սեփական կյանքն ու առողջությունը խնայելու: Շատերին միայն ֆիլմերից ծանոթ տեսարանները` կրակի հետ համառ պայքարն ու կրակվելը, սեփական վերքերի արնահոսող ցավն անտեսելով ուրիշին ձեռքերի վրա աղետից փրկելը, մահաբեր պայթյունների մեջ ինքնամոռաց պտույտները ձեզ համար դարձել էին առօրէական ու վեր ածվել կենսակերպի: Դժբախտաբար ու ցավոք, ձեր սխրագործությունները իրական էին և ոչ բեմադրված, որի պատճառով հնարավոր չեղավ խուսափել մեզ համար բարձրագույն արժեք մարդկային կյանքերի կորստից, մեր եղբայրների անձնազոհությունից, որոնց բարի անվան ու կենդանի ներկայության առջև ծնկաչոք խոնարհվում ենք:
 
Հարգելի պարոն Սարգսյան, արտակարգ իրավիճակների պետական ծառայության հարգելի ծառայողներ, կրկին անգամ շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, ձեզ ու ձեր ընտանիքներին մաղթելով խաղաղ, անփորձանք, հարատև ու երջանիկ կյանք: 
 
Աստված ձեզ պահապան»: 

  • Կիսվել: