չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Արցախում թունավորմամբ հիվանդանոց տեղափոխված երեխաները կաթնամթերք էին օգտագործել. ոլորտի պատասխանատուները մանրամասներ են ներկայացրել

Արցախում թունավորմամբ հիվանդանոց տեղափոխված երեխաները կաթնամթերք էին օգտագործել. ոլորտի պատասխանատուները մանրամասներ են ներկայացրել

Սննդային թունավորմամբ Արցախի առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորում է ընդունվել ընդհանուր առմամբ 26 երեխա, որոնց ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն:
 
Այս մասին հայտնում է «Արևիկ» բուժմիավորման մանկաբույժ Էռնեստ Լալայանը: «Հիմնական մասը դիմել է «Արևիկ» բուժմիավորման ընդունարան՝ ժամը 13:00-ից հետո: Բոլորի գանգատները նույնն էին՝ փսխումներ, որոշների մոտ նաև փորլուծություն և ջերմություն: Հիմնականում նախադպրոցական տարիքի երեխաներ են եղել՝ սկսած 1 տարեկանից, որոնք բոլորն էլ կաթնամթերք են օգտագործել:
 
Նրանց վիճակը կլինիկորեն միջին ծանրության էր: Ցուցաբերվել է ամբուլատոր բուժօգնություն, և մոտ 2 ժամից բոլոր երեխաների վիճակը բավարար էր»,-մանրամասնեց մանկաբույժը՝ հավելելով, որ առավոտյան ևս նրանց մոտ գանգատներ չեն եղել:
 
Առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Օֆելյա Գրիգորյանի խոսքով՝ օպերատիվ հետազոտություններ են իրականացվել ինչպես Ստեփանակերտի համար 7 դպրոցում, այնպես էլ կաթնամթերք արտադրող համապատասխան ընկերության արտադրամասում: Ուսումնասիրվել են աշխատակիցների սանիտարական գրքույկները, իսկ արտադրության ավելի քան 2 տասնյակ աշխատակից հետազոտության համար նմուշներ է հանձնել: «Սուր գաստրիտ համախտանիշով «Արևիկ» բուժմիավորում են ընդունվել 1-5 տարեկան երեխաներ: Հետազոտությունների արդյունքում պարզել ենք, որ երեխաները կաթնամթերք են օգտագործել: Ճշտել ենք նաև, թե ինչ ամսաթվով է արտադրանքը, և հանձնարարվել է խանութներից դուրս բերել այն և թթվասերի ու կաթնաշոռի նմուշներ վերցնել: Թթվասերի արտադրանքը դեռևս դադարեցված է, քանի որ սանիտարահիգիենիկ ստուգումներ պետք է իրականացնել, որից հետո պատասխանները պարզ կլինեն»,- պարզաբանեց ոլորտի պատասխանատուն՝ հայտնելով, որ, չնայած բողոքներ դեռևս չեն արձանագրվել, ստուգումներ են սկսվել նաև Արցախի շրջանների բնակավայրերում:
 
Ավելի վաղ Արցախի առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ «Արևիկ» բուժմիավորում ընդունված ընդհանուր առմամբ 26 երեխայից, ժամը 10:30 դրությամբ շարունակում է բուժում ստանալ ընդամենը 2 -ը: Բժիշկները նրանց վիճակը գնահատում են բավարար: Գերատեսչության հավաստմամբ՝ համաճարակաբանական իրավիճակը գտնվում է հսկողության տակ:

  • Կիսվել: