ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իմ գործունեության ընթացքում երբեք չեմ զբաղվել պոպուլիզմով, աշխատել եմ հանուն ժողովրդի և պետության. ԱՀ արդեն նախկին քաղշիննախարարը ամփոփել է գործունեությունը

Իմ գործունեության ընթացքում երբեք չեմ զբաղվել պոպուլիզմով, աշխատել եմ հանուն ժողովրդի և պետության. ԱՀ արդեն նախկին քաղշիննախարարը ամփոփել է գործունեությունը

ԱՀ արդեն նախկին քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը ուղերձով ամփոփել է իր գործունեության տարիները։

«Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ազատվել եմ ԱՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնից, որը ստանձնել եմ 2020 թվականին։

44-օրյա պատերազմի ժամանակ և պատերազմից հետո ստեղծված բարդ իրավիճակում պատվով կատարել եմ նախարարության առջև ծառացած խնդիրները՝ մասնավորապես պատերազմի հետևանքով հրետակոծությունից տուժած բնակելի տների վերանորգման, վերակառուցման, ենթակառուցվածքների վերականգնման և տեղահանված մեր հազարավոր հայրենակիցների համար նոր բնակելի տների կառուցման գործում։

Իմ պաշտոնավարման ընթացքում երբևէ չեմ զբաղվել պոպուլիզմով, կատարել եմ աշխատանքս՝ հանուն մեր հայրենիքի և ժողովրդի՝ առաջնորդվելով խղճիս թելադրանքով և պետականության առջև իմ բաժին պատասխանատվության գիտակցումով։

Շնորհակալություն եմ հայտնում քաղաքաշինության նախարարության ողջ անձնակազմին և շինարարական կազմակերպություններին՝ կատարած համատեղ արդյունավետ աշխատանքի համար։

Շնորհակալություն եմ հայտնում Արցախի Հանրապետության նախագահին՝ համատեղ աշխատանքի և վստահության համար։

Այսուհետ ևս պատրաստ եմ ծառայել Արցախի Հանրապետությանը»,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արամ Ալեքսեյի Սարգսյանն ազատվել է ԱՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնից: ԱՀ քաղաքաշինության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է նախարարի տեղակալ Ազատ Վիլենի Համբարձումյանին:

  • Կիսվել: