ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանը շարունակում է հայերի էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության իրագործումը․ Թագուհի Թովմասյանը նամակներ է հղել միջազգային կառույցներին

Ադրբեջանը շարունակում է հայերի էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության իրագործումը․ Թագուհի Թովմասյանը նամակներ է հղել միջազգային կառույցներին

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը տարեսկզբից նամակներ է հղել միջազգային կառույցներին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ։

Նամակներում նա արձանագրել է, որ Արցախի Հանրապետության կառավարությունը, բավարարելով ադրբեջանական «էկոակտիվիստների» պահանջը, հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքավայրի շահագործումը, մինչև միջազգային փորձաքննություն կիրականացվի, սակայն դրանից հետո ևս ճանապարհը չի բացվում, ինչն էլ ապացուցում է, որ ճանապարհի փակումը կրում է միմիայն քաղաքական բնույթ:

«Միջազգային իրավասու կառույցների գործնական քայլերի բացակայության պայմաններում Ադրբեջանը շարունակում է միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտման, հայերի էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության իրագործումը:

Ներկայացնելով առկա խնդիրների խիստ հրատապությունը՝ միջազգային գործընկերներիս խնդրել եմ՝ Ադրբեջանի նկատմամբ կիրառել պատժամիջոցներ՝ դադարեցնելու վերջինիս անմարդկային քաղաքականությունը, ձեռնարկել գործուն քայլեր՝ Արցախը Հայաստանին և ողջ աշխարհին կապող միակ ճանապարհը բացելու նպատակով։

Շեշտել եմ՝ վերոգրյալի կապակցությամբ իրենց գնահատականն ու գործուն քայլերը կարող են նպաստել 120․000 կյանքի փրկությանը։

Արձագանքներ և՛ կան, և՛ չկան. այդուհանդերձ ես շարունակելու եմ օպերատիվ կերպով միջազգային հանրությանը տեղեկացնել տարածաշրջանում առկա իրավիճակը, որտեղ մարդու իրավունքները ուղղակիորեն ոտնահարվում են»,- հայտնել է Թովմասյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: