կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանը հրապարակել է ԼՂ հայերի «վերաինտեգրման» ծրագիրը

Ադրբեջանը հրապարակել է ԼՂ հայերի «վերաինտեգրման» ծրագիրը

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը պաշտոնապես հրապարակել է հայերի «վերաինտեգրման» ծրագիրը։ Հինգ կետից բաղկացած փաստաթղթի առաջին կետում հեղինակներն ընդգծում են, որ հայերի «վերաինտեգրումը» տեղի կունենա «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների հիման վրա»։

Բաքվի հրապարակած պլանի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է ամբողջությամբ զինաթափվեն, իսկ տեղում հասարակական կարգի պահպանությունը կիրականացնի ադրբեջանական ոստիկանությունը։

«Տեղի բնակչությունը կարող է ներգրավվել ներքին գործերի մարմինների աշխատանքում»,- նշվում է փաստաթղթում։

Ըստ դրա՝ Լեռնային Ղարաբաղը կառավարվելու է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչների միջոցով։ Բացի այդ, Ղարաբաղում «ընտրությունների միջոցով կձևավորվեն ՏԻՄ մարմիններ»։

Տնտեսական ոլորտում Ղարաբաղը ներառված է մանաթի գոտում, գյուղացիները կարող են ազատվել բոլոր հարկերից, բացի հողի հարկից։

Ինչ վերաբերում է լեզվական քաղաքականությանը, այդ մասին նշվում է. «Պայմաններ կստեղծվեն հայոց լեզվի օգտագործման համար»:

 

  • Կիսվել: