երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ադրբեջանը հիմնվել են միայն իր ժողովրդին ընդունելի լուծման վրա, դա է հանգեցրել այս վիճակին

Ադրբեջանը հիմնվել են միայն իր ժողովրդին ընդունելի լուծման վրա, դա է հանգեցրել այս վիճակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Jazeera հեռուստաալիքին։ Հարցազրույցի տեքստը ներկայացվում է ստորև. 

Al Jazeera - Իշխանության գալուց հետո Դուք քաջ դիրքորոշում հայտնեցիք և ասացիք, որ պետք է աշխատել այնպիսի լուծում գտնել, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է բանակցությունների միջոցով հասնել լուծման, որն ընդունելի կլինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո, ես այդ բանաձևն առաջարկել եմ: Ես ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղի այնպիսի լուծում պետք է գտնենք, որ ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ, այո, ես բանակցություններում ներգրավված առաջին ղեկավարն եմ ընդհանրապես, որ զբաղվում է հարցով, ով ասում է, որ հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի նաև դիմացի կողմի համար: Բայց ինչո՞ւ մենք առաջ չգնացինք այդ ճանապարհով: Որովհետև Ադրբեջանի նախագահը հրաժարվեց որդեգրել այս նույն բանաձևը: Որովհետև նրանք հիմնվել են այն տրամաբանության վրա, որ հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար: Այս դիրքորոշումն է, որ բերել է այսպիսի իրավիճակի:

Al Jazeera - Դուք ասել եք, որ պատրաստ եք ցավոտ փոխզիջումների: Ինչի՞ մասին է խոսքը:

Վարչապետ նիկոլ Փաշինյան – Ես 2 օր առաջ (հոկտեմբերի 26-ին) ասել եմ, որ Հայաստանը, այո, պատրաստ է փոխզիջումների: Փոխզիջումը միշտ էլ ցավոտ է: Բայց դա է ամբողջ խնդիրը՝ ինչ է նշանակում փոխզիջում: Փոխզիջում նշանակում է՝ քո դրած նշաձողից որոշակիորեն նահանջելու պատրաստակամություն, այսինքն՝ քո դրած նշաձողը ցածրացնելու պատրաստակամություն: Հենց ամբողջ խնդիրն այն է, որ երբ Հայաստանը համաձայնվում է ցածրացնել այդ նշաձողը՝ ընդունելի դաշտ ձևավորելու համար, այս նոր նշաձողն արդեն անընդունելի է դառնում Ադրբեջանի համար, և նա պահանջում է ավելին:

Al Jazeera - Ի՞նչ նշաձող նկատի ունեք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ընդ որում՝ սա նորություն չէ, սա երկար տարիների շարունակական քաղաքականություն է: Ես Ձեզ կարող եմ բերել հետևյալ օրինակը. 2011 թվականին Կազանում տեղի ունեցածը, կարծում եմ, ամենաշատն է ցույց տալիս իմ նշած օրինակը: Ես արդեն ասացի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը: Եվ, ըստ էության, դա այն նշաձողն է, որ Լեռնային Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղի հայությունը և հայ ժողովուրդը դնում են: 2011 թվականին Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը համաձայնվել էր, որպեսզի տարածքները հանձնի Ադրբեջանին: Եվ այդ համաձայնության համատեքստում Լեռնային Ղարաբաղը ստանա միջանկյալ կարգավիճակ, որպեսզի հետագայում Լեռնային Ղարաբաղի, այդ թվում՝ փախստականների վերադարձից հետո, հանրաքվե տեղի ունենա, և այդ հանրաքվեով որոշվի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը:

  • Կիսվել: