չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ադրբեջանն այնքան մեծ խախտումներ է արել 2020 թվականից ի վեր, որ ավելի քան բավարար հիմքեր կան սանկցիաներ կիրառելու այդ երկրի հանդեպ. Բեգլարյան

Ադրբեջանն այնքան մեծ խախտումներ է արել 2020 թվականից ի վեր, որ ավելի քան բավարար հիմքեր կան սանկցիաներ կիրառելու այդ երկրի հանդեպ. Բեգլարյան

Հիմա քանի դեռ մենք չենք կարողանում  ինքնուրույն այս հարցերը լուծել՝ միջազգային հանրությունը պարտավորություն ունի թույլ կողմին աջակցելու, առավել ևս, որ դա մեր կենսական ու բնական իրավունքներից է բխում: Այս մասին անժամկետ նստացույց հայտարարելուց հետո հրավիրված ասուլիսում ասաց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«Իմ հորդորն է հայ հասարակությանը, որ յուրաքանչյուր խումբ՝ կլինի քաղաքական ուժ, կուսակցություն, ընդդիմադիր թե իշխանական, հասարակական կազմակերպություն, գիտնականներ, մանկավարժներ, տարբեր մասնագիտական խմբեր, բոլորն իրենց հերթին պետք է իրենց գործնական քայլերը կատարեն: Ես նպատակ չունեմ որևէ շարժում առաջնորդելու, ես նպատակ ունեմ կայծ տալու, լիցք տալու մեր հասարակությանը, որ մարդիկ հասկանան՝ իրոք մենք ծայրահեղ հումանիտար աղետի շեմին ենք կանգնած»,- ասաց Արցախի պետնախարարի խորհրդականը:

Բեգլարյանը կոչով դիմեց հայ հասարակությանն ու սփյուռքին.

«Մենք այլևս ժամանակ չունենք կորցնելու, մենք որևէ տեղ, որևէ հարցում զիջում չունենք անելու, մենք էթիկայի, կոռեկտության զոհ չպետք է դառնանք: Մենք հնարավոր բոլոր գործիքները պիտի կիրառենք, որ մեր կենսական կարմիր գծերը, մեր շահերն ու իրավունքները պաշտպանենք: Հայաստանյան հասարակության հետ կապված, ես ակնկալում եմ, որ հստակ բողոքի ակցիաներ լինեն դեսպանատների առջև, կամ այլ ճնշման ձևեր կիրառվեն այդ դեսպանատների հանդեպ, որպեսզի իրենք էլ հասկանան, որ հայաստանյան հասարակությունը չի համակերպվում այս իրավիճակի հետ, հայաստանյան հասարակությունն ունի կոնկրետ իրավունքներ ու պահանջատեր է, որ իր հայրենիքը, իր հայրենակիցներին միջազգային հանրությունը պաշտպանի այնտեղ: Սփյուռքում էլ պետք է լինի շատ ավելի մեծ մոբիլիզացիա, քան մինչ այսօր եղել է, ամեն մեկն իրենց գտնված երկրների կառավարություններից պետք է պահանջեն գործողություններ, պահանջեն սանկցիաներ Ադրբեջանի հանդեպ և ոչ թե անատամ հայտարարություններ: Սփյուռքը պետք է հասկանա, որ քանի դեռ իրենք չեն կանգնել, քանի դեռ հետևողական պայքար չկա, չեն կարողանալու իրենց երկրների կառավարություններին տեղից շարժել»:

Արտակ Բեգլարյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի դեմ սանկցիաներ կիրառելուն. «Ադրբեջանն այնքան մեծ խախտումներ է արել 2020 թվականից ի վեր, որ ավելի քան բավարար հիմքեր կան սանկցիաներ կիրառելու նրա հանդեպ, ալիևյան ռեժիմի հանդեպ»:

  • Կիսվել: