շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանն ակնհայտորեն ցույց է տալիս իր հակահումանիստական և հակաբարոյական կեցվածքը․ ԱՀ ԱԺ նախագահ

Ադրբեջանն ակնհայտորեն ցույց է տալիս իր հակահումանիստական և հակաբարոյական կեցվածքը․ ԱՀ ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը դատապարտել է Ադրբեջանի հերթական հայատյաց քաղաքականությունը:  

«Օրերս Բաքվում բացված «Ռազմավարի ցուցահանդես–պուրակ»-ը Ադրբեջանի իշխանության հերթական հայատյաց ու ցեղասպան քաղաքականության ցայտուն դրսևորումն էր: Հայ զինվորներին և ռազմագերիներին պատկերող անմարդկային, նվաստացուցիչ տեսարանների ականատեսը եղանք:

Ադրբեջանական վերնախավի նմանօրինակ վերաբերմունքը ոչ միայն անտեսում և ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, այլև վկայում է 1994թ. մայիսի 12-ից սկսած Ադրբեջանի՝ ազգամիջյան թշնամանքով շաղախված ռազմաքաղաքական ղեկավարության գործունեության շարունակությունը:

2020թ. աշնանային պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր հայտարարություններից մեկում նշել է, որ ինքն այնպիսի հայատյաց սերունդ է աճեցրել, որն էլ վճռել է պատերազմի ելքը:

Այդպես Ադրբեջանն ակնհայտորեն ցույց է տալիս իր հակահումանիստական և հակաբարոյական կեցվածքը, դրանով իսկ բացահայտելով ադրբեջանական բանտերում հայ գերիների ու պատանդների նկատմամբ իր վայրագությունները:

Հիմնովին դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հայակործան գործունեությունը և կոչ ենք անում միջազգային մարդասիրական հանրությանն ու շահագրգիռ կառույցներին պատշաճ գնահատական տալ ազգային արժանապատվության ոտնահարման և նվաստացման իրողություններին»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: